13:10  ,  14 նոյեմբերի, 2018

Մ-23 ԱԱ. Հայաստանի 2 ըմբիշներ կանցկացնեն բրոնզե մեդալի համար գոտեմարտ

Հայաստանի ներկայացուցիչներ Արմեն Մելիքյանը (60 կգ) եւ Գեղամ Թորգոմյանը (82 կգ) Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում կանցկացնեն բրոնզե մեդալի համար գոտեմարտ:

Նախօրեին հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն կրած հայ ըմբիշները հնարավորություն էին ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, քանի որ նրանց հաղթած մարզիկները նվաճել են եզրափակիչի ուղեգիր:

Նոյեմբերի 14-ին կայացած սփոփիչ գոտեմարտերում Գեղամ Թորգոմյանը 7:4 հաշվով հաղթեց ամերիկացի Ժոզեֆ Նիելսենին, իսկ Արմեն Մելիքյանն ուժեղ գտնվեց գերմանացի Քրիստոֆեր Կրամերից՝ 9:0:

Երեկոյան մրցահերթում Մելիքյանը բրոնզե մեդալը կվիճարկի իրանցի Մեհդի Մոհսեն Նեժադի հետ, իսկ Թորգոմյանի մրցկաիցը կլինի եգիպտացի Մոհամեդ Ահմադը:

Հիշեցնենք, որ Արմեն Բաբալարյանի գլխավորած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում աշխարհի առաջնությանը մասնակցել էին նաեւ Նորայր Հախոյանը (55 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Արմեն Հակոբյանը (72 կգ) եւ  Սերյոժա Բերնեցյանը (77 կգ), որոնք մեդալ չէին նվաճել: Նորայր Հախոյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 3:7 հաշվով պարտվել էր Ղրղզստանի ներկայացուցիչ Բալբայ Դորդոկովին:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում աշխարհի առաջնությունում հանդես կգան Վարդգես Կարապետյանը (65 կգ), Գեւորգ Մխեյանը (70 կգ), Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (92 կգ): Թիմը մրցավայր մեկնի նոյեմբերի 15-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում