20:48  ,  13 նոյեմբերի, 2018

Ուեյն Ռունի. Կարիերաս կավարտեմ ԱՄՆ-ում

Ամերիկյան «Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին հայտարարել է, որ մտադիր է ֆուտբոլիստի կարիերան ավարտել ԱՄՆ-ում:

«Այո, ես նախատեսում եմ կարիերաս ավարտել ԱՄՆ-ում: Անգլիայի հավաքական վերադառնալուս վերաբերյալ քննադատությանը կպատասխանեմ, որ ամեն մարդ ունի սեփական կարծիքի իրավունք: Ես զրույց եմ ունեցել Անգլիայի ֆուտբոլայի ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, եւ մենք որոշել ենք, որ ճիշտ կլինի այս տարբերակը»,- Ռունիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Ռունին կարիերան Անգլիայի հավաքականում ավարտել է 2016 թվականին: Նա անցկացրել է 119 խաղ եւ 53 գոլով ազգային թիմի պատմության մեջ լավագույն ռմբարկուն է:

Նոյեմբերի 15-ին Ռունին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կմասնակցի ԱՄՆ-ի դեմ ընկերական խաղին, որը բարեգործական է եւ հասույթը կփոխանցվի Ռունիի բարեգործական հիմնադրամի ծրագրերին: Ռունիի համար հանդիպումը կլինի 120-րդը եւ վերջինը Անգլիայի հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում