23:36  ,  12 նոյեմբերի, 2018

Կարլսեն - Կարուանա. Հավակնորդը դիմացավ չեմպիոնի ճնշմանը

Լոնդոնում ընթացող շախմատային թագի համար մրցամարտում աշխարհի չեմպիոն, նորվեացի Մագնուս Կարլսենն ու տիտղոսի հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան անցկացրին երրորդ պարտիան: Սպիտակներով հանդես եկավ Կարուանան: Ծավալվեց հավասար պայքար, իսկ վերջնամասում առավելություն ստանալու շանս ունեցավ Կարլսենը, սակայն հավակնորդը դիմացավ ճնշմանը: 49-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին ոչ ոքի արդյունքի:

Նոյեմբերի 13-ին սպիտակներով կխաղա Կարլսենը: Պարտիաների սկիզբը՝ Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հիշեցնենք, որ անցկացվելու է 12 դասական պարտիա: Հավասարության դեպքում կնշանակվի թայ-բրեյք՝ կարճ ժամանակով չորս պարտիա (25+10), ապա՝ հավասար հաշվի դեպքում, մրցամարտ 2 պարտիայից (5+3), հավասարության դեպքում կարող է նշանակվել առավելագույնը 5 այդպիսի մրցամարտ՝ երկուական պարտիաով: Եթե  դրանից հետո էլ գրանցվի ոչ ոքի, կանցկացվի «արմագեդոն» պարտիա:

Մրցանակային հիմնադրամը 1 միլիոն եվրո է: 12 դասական պարտիայից հետո հաղթողը կստանա 600 հազար, պարտվողը՝ 400 հազար: Իսկ թայ-բրեյքի դեպքում, հաղթողը կստանա 550 հազար, պարտվողը՝ 450 հազար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում