17:10  ,  12 նոյեմբերի, 2018

Սիմոն Մարտիրոսյանի մայր. Հպարտ եմ, որ այսպիսի տղա եմ մեծացրել իմ ժողովրդի համար

Ուրախանում եմ, որ տղաս կարողանում է աշխարհին ապացուցել, թե ինչ ուժեղ զավակներ ունի հայ ազգը: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն, Ռիո-2016 օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մայրը՝ տիկին Լուսինեն, որը «Զվարթնոց» օդանավակայանում երկրպագուների հետ միասին եկել էր որդուն դիմավորելու։ Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում կայացած աշխարհի առաջնությունից հետո հայրենիք էր վերադարձել նոյեմբերի 12-ին:

«Սպասում էի որդուս այս հաղթանակին, որովհետեւ Սիմոնը մանկուց ունեցել է իր մեջ այդ ուժը, կարողացել է հաղթանակների հասնել։ Բայց Օլիմպիական խաղերից հետո թերեւս ամենասպասվածն այս հաղթանակն էր։ Կարծում եմ՝ ամբողջ հայ ազգն է ուրախացել այս հաղթանակով, ես էլ հպարտ եմ, որ այսպիսի տղա եմ մեծացրել իմ ժողովրդի համար։ Շնորհակալ եմ Սիմոնի մարզիչներին՝ անձնական մարզիչ Աշոտ Փիլոսյանին, մարզիչներ Փաշիկ Ալավերդյանին եւ Վիգեն Խաչատրյանին ու բոլոր նրանց, ովքեր իրենց լուման ունեն այս հաղթանակում։

Չեմ հետեւել մրցելույթներին, առհասարակ չեմ դիտում, քանի որ չեմ կարողանում։ Բայց մտքումս վստահ եմ լինում, որ բարձրացնելու է՝ ինչ կիլոգրամ էլ լինի։ Աշխարհի առաջնության ելույթին էլ չեմ հետեւել, միայն մտքումս Աստված էի կանչում, որ պահի ծանրաձողը գլխավերեւում։ Ես հավատում եւ սպասում էի, որ նրա մեդալային հավաքածուն կլրացվի պակասող աշխարհի առաջնության ոսկե մեդալով։ Ուրախանում եմ, որ տղաս կարողանում է աշխարհին ապացուցել, թե ինչ ուժեղ զավակներ ունի հայ ազգը։ Կցանկանայի, որ յուրաքանչյուր ծանրորդի մայր զգար եւ ապրեր այն երջանկությունը, ինչը ես եմ զգում այս պահին եւ բոլոր այն պահերին, երբ տղաս չեմպիոն է դառնում։ Ճիշտ է, սկիզբը շատ դժվար է, բայց հետագան արդեն այսպիսին է»,- ասաց Սիմոն Մարտիրոսյանի մայրը։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության 109 կգ քաշային կարգում Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոնը հաղթել էր երկամարտի 435  կգ (195+240) արդյունքով: Երկրորդ տեղը գրաված չինացի Ժե Յանգի երկամարտի արդյունքն էր 419 կգ: 21-ամյա Սիմոն Մարտիրոսյանն առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմում մեդալակիր էր դարձել նաեւ Գոռ Մինասյանը (+109 կգ), որը գրավել էր երկրորդ տեղը: Աշխարհի առաջնությունը վարկանիշային էր Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի թիմի կազմում Աշխաբադում հանդես եկան նաեւ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) եւ Հակոբ Մկրտչյանը (89 կգ), որոնք մեդալ չնվաճեցին երկամարտում: Հակոբ Մկրտչյանը զբաղեցրեց 7-րդ տեղը եւ փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում, իսկ Անդրանիկ Կարապետյանը զրո ստացավ պոկում վարժությունում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում