13:33  ,  12 նոյեմբերի, 2018

Փաշիկ Ալավերդյան. Ամենավատն այն էր, որ չկարողացանք վերադառնալ 4 մեդալով

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադից Հայաստան վերադառնալուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում անդրադարձավ աշխարհի առաջնությանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Չեմ կարող գնահատական տալ այս արդյունքներին, քանի որ ես զուտ աշխատողն եմ, իսկ գնահատողը հանրությունն է, այստեղ հավաքված բազմությունը։ Ամենավատն այն էր, որ չկարողացանք վերադառնալ 4 մեդալով։ Հակոբ Մկրտչյանն ու Անդրանիկ Կարապետյանը կարող էին ավելի հաջող հանդես գալ։ Մեդալակիրների ելույթները մեկնաբանելու կարիք չկա։ Մեդալները խոսում են նրանց ելույթների մասին։ Մեդալակիրների մասին ի՞նչ ասեմ՝ շատ լավ տղաներ են։ Պետք է շարունակենք աշխատել, որպեսզի օլիմպիական վարկանիշներ նվաճենք»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մեկնել էր 4 մարզիկով: Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ Գոռ Մինասյանը (+109 կգ) գրավեց երկրորդ տեղը: 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն, Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) զրո ստացավ պոկում վարժությունում, իսկ Հակոբ Մկրտչյանը (89 կգ) զբաղեցրեց 7-րդ տեղը եւ փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում