13:21  ,  12 նոյեմբերի, 2018

Անդրանիկ Կարապետյան. Անսպասելի էր իմ ձախողումը

Ծանրամարտի 2016թ. Եվրոպայի չեմպիոն, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի մասնակից Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադից Հայաստան վերադառնալուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում խոսեց աշխարհի առաջնությունում իր անհաջող ելույթի մասին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Անսպասելի էր իմ ձախողումը։ Բոլորս վստահ էինք, որ հաջողություն ենք ունենալու, մեդալ ենք նվաճելու։ Կարող էի բարձրացնել մեր պատվիրած քաշերը։ Լավ պատրաստվել էի, ամեն ինչ նորմալ էր, բայց մրցահարթակում չհասկացա՝ ինչ կատարվեց հետս։ Նախավարժանքի ժամանակ ճնշումս բարձրացավ, չհասկացա, թե ինչ կատարվեց հետս, ընդհանրապես չէր ստացվում ինձ մոտ։ Այնպես չէր, որ առաջին անգամ էի մասնակցում կարեւոր մրցաշարի եւ կար ավելորդ լարվածություն, պարզապես չէր ստացվում։

Դեկտեմբերի 19-ին Քաթարում աշխարհի գավաթի խաղարկությունն է, որին կմասնակցեմ։ Կփորձեմ օլիմպիական վարկանիշային միավոր վաստակել Քաթարում։ Պետք է ամեն ինչ անենք, որ ցույց տանք, թե աշխարհի առաջնությունում որ տեղում կարող էինք լինել, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանար։ Քաշային կարգս փոխել եմ, բայց մրցահարթակում այդ տարբերությունը չզգացի։ Երեւի, ինձ մոտ միջազգային մրցումները եւ Օլիմպիական խաղերը չեն ստացվում: Խանգարող ինչ-որ բան կա, բայց մենք ժայռի պես համառ ենք եւ հաղթահարելու ենք այս խոչընդոտը։ Եթե ես վնասվածքից հետո սկսել եմ մարզվել, նշանակում է՝ ամեն ինչ պետք է հաղթահարեմ եւ գնամ իմ երազանքի հետեւից»,- ասաց Անդրանիկ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության 81 կգ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը զրո էր ստացել պոկում վարժությունում: Նա պատվիրել էր 171 կգ եւ երեք փորձերն էլ ձախողել՝ դուրս մնալով պայքարից:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմում հաջող էին հանդես եկել Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) եւ Գոռ Մինասյանը (+109 կգ): Սիմոն Մարտիրոսյանն առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ Գոռ Մինասյանը գրավեց երկրորդ տեղը:

Աշխարհի առաջնությունը վարկանիշային էր Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի թիմի կազմում Աշխաբադում հանդես եկավ նաեւ Հակոբ Մկրտչյանը (89 կգ), որը մեդալ չնվաճեց երկամարտում: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում