14:10  ,  11 նոյեմբերի, 2018

ՖԱՖ-ի երկրպագուներն ավտոբուսով մեկնել են Լիխտենշտեյն. Ուղեւորությունը՝ 5000 կմ

ՖԱՖ երկրպագուական շարժման անդամները նոյեմբերի 10-ի երեկոյան ավտոբուսով ուղեւորվել են Լիխտենշտեյն, որտեղ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 19-ին Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպում է անցկացնելու այդ երկրի ազգային թիմի հետ:

Հայ երկրպագուները կանցնեն 5000 կմ ճանապարհ, կհատեն 4 պետական սահման եւ կանցնեն 8 երկրների տարածքով: Մինչեւ Լիխտեյնշտեյն միակողմանի ճանապարը կտեւի շուրջ 4 օր։

«Ինչպես գիտենք, Ազգերի լիգայի մնացած 2 խաղերում, մեր հավաքականի հաջող ելույթները բավարար չեն լինելու խմբից դուրս գալու ուղեգիրը նվաճելու համար, այդ իսկ պատճառով FAF-ը իրականացնում է բացառիկ ակցիա. մեր ընտրանու վերջին խաղից բացի, FAF-ականները ներկա կգտնվեն նոյեմբերի 16-ի Լիխտեյնշտեյն - Մակեդոնիա խաղին, և բոլոր հնարավոր եղանակներով կփորձեն նպաստել Մակեդոնիայի թիմի ձախողմանը։

Կարծում ենք՝ Մակեդոնիայի հավաքականի ֆուտբոլիստները շատ կզարմանան 2-րդ խաղն անընդմեջ մեզ հանդիպելով:

Կոչ ենք անում Լիխտեյնշտեյնին մոտ պետություններում բնակվող մեր հայրենակիցներին միանալ մեզ, ինչպես նոյեմբերի 19-ի՝ Հայաստան-Լիխտեյնշտեյն խաղին, այնպես էլ նոյեմբերի 16-ի՝ Լիխտեյնշտեյն – Մակեդոնիա հանդիպմանը: Կոնտակտային հեռախոսահամար՝ +372 54077186»,- ասվում է ՖԱՖ-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերը կանցկացնի նոյեմբերի 16-ին ու 19-ին՝ հյուրընկալվելով Ջիբրալթարին ու Լիխտենշտեյնին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս