22:36  +04,  10 նոյեմբերի, 2018

Աշխարհի չեմպիոն Ստեփան Մարյանյան. Հաղթանակս նվիրում եմ իմ ծննդավայրին եւ աշխարհում սփռված բոլոր շահումյանցի հայերին (ֆոտո)

Մեծ դժվարությամբ հասա աշխարհի չեմպիոնի տիտղոսին: Հաղթանակս նվիրում եմ իմ ծննդավայրին եւ աշխարհում սփռված բոլոր շահումյանցի հայերին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Բաքվում կայացած Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր, հունահռոմեական ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ, 63 կգ քաշային Ստեփան Մարյանյանը:

Ազգությամբ հայ 27-ամյա Ստեփան Մարյանյանը ծնվել է Ռուսաստանի Կրասնոդար մարզի Դինսկայա շրջանում: Ծնողները Շահումյանից (Արցախ) են:

Ստեփան Մարյանյանը խոսել է Բուդապեշտում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու, Ռիոյի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի օլիմպիական հավաքական չընդգրկվելու, Բաքվում ոսկե մեդալ նվաճելու, ընտանիքի եւ ապագա ծրագրերի մասին:

Ստեփան, նախ շնորհավորում եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Դու դեռ 2017 թվականի Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում շատ մոտ էիր ոկսե մեդալին, բայց մրցավարական կողմնապահության արդյունքում բավարարվեցիր  բրնոզե մեդալով: Ինչպիսի՞ն էր աշխարհի ոսկե մեդալին հասնելու քո ճանապարհը:

Շնորհակալ եմ: Բարդ ճանապարհ անցա մինչեւ այս կոչումը նվաճելը: Մարզական կարիերայիս ընթացքում շատ են եղել անկումներ, անարդար մրցավարություններ իմ նկատմամբ, իմ թիկունքում չեմ ունեցել ոչ պաշտոնյա բարեկամներ կամ ընկերներ եւ ոչ էլ մեծ ֆինանսական միջոցներ, որոնք ինձ կօգնեին դեռ տարիներ առաջ նվաճել այս մեդալը եւ այսօրինակ հաղթանակ գրանցել մեծ սպորտում: Ինձ համար այս նվաճումը շատ կարեւոր էր: Վերջապես երեք փորձից հետո ես հասա այս հաղթանակին եւ այն շատ թանկ է ինձ համար:

Որո՞նք էին նախորդ երկու փորձերումդ ձախողումների պատճառը:

Առաջինը 2015-ի Լաս Վեգասի աշխարհի առաջնությունն էր, որտեղ 1/8 եզրափակիչում պարտվեցի, իսկ մրցակիցս պարտվեց ապագա աշխարհի չեմպիոնին եւ ես դուրս մնացի հետագա պայքարից: Ապա 2017 թվականի Փարիզում կայացած աշխարհի առաջնությունը, որտեղ անարդար մրցավարության պատճառով արժանացա բրոնզե մեդալի: Երրորդ փորձս աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար արդեն Բուդապեշտն էր, որտեղ կարողացա ապացուցել չեմպիոնի կոչմանն արժանի լինելս:

Հավատո՞ւմ էիր, որ այս առաջնությունում կհաղթես եւ որ այս անգամ էլ մրցավարներն իրենց սեւ գործը չեն անի:

Միանշանակ հավատում էի եւ գիտակցում, որ երրորդ փորձն է, արդեն ժամանակն է, որ նվաճեմ ոսկե մեդալը, քանի որ ես այս հաղթանակը շատ եմ ուզում:

Ի՞նչ փոխվեց քո կյանքում այդ բաղձալի հաղթանակին հասնելուց հետո:

Դեռ ոչինչ (ծիծաղում է): Ես ուղղակի իմ առջեւ դրված նպատակ ունեի  եւ հասա դրան: Այս հաղթանակն ինձ ուղղակի մեծ ինքնավստահություն տվեց, ինքնադրսեւորվեցի, կարողացա ինքս ինձ ապացուցել, որ ես կարող եմ դա անել: Սա իմ տարիների երազանքն էր եւ այն իրականացավ:

Իսկ ինչպե՞ս ես եկել ըմբշամարտ, քանի տարեկանից ես զբացվել:

Իմ ծննդավայրում՝ Դինսկայա շրջանում, ըմբշամարտից բացի այլ մարզաձեւերի խմբակ չկար: Ի դեպ՝ հենց հունահռոմեական ըմբշամարտի խմբակ էր:  9 տարեկանում հայրս  ինձ գրանցեց ըմբշամարտի սեկցիայում: Սկզբից ինձ դուր չէր գալիս, ինչպես բոլոր երեխաներին, քանի որ ուզում էի այդ մարզումների փոխարեն դրսում ընկերներիս հետ խաղալ: Բայց հայրս շատ խիստ հետեւում էր, որ ես անպայման հաճախեմ մարզումներին, այնքան մինչեւ հարմարվեցի, սիրեցի մարզաձեւը, մարզիկի առօրյան: Ես այնպիսի մարզիկների հետ եմ սկսել մարզվել, որոնք արդեն ավարտել են իրենց մարզական կարիերան, որոնք չենք գրանցել այնպիսի հաջողություններ, ինչպիսին ես կարողացա գրանցել: Այդ ամենի համար շնորհակալ եմ լուսահոգի հորս, որը հետեւողական եղավ իմ մարզումերին, մարզական կարիերային եւ ում շնորհիվ ես կարողացա հասնել այսպիսի բարձր արդյունքնի:

Ի՞նչ է ըմբշամարտը քեզ համար:

Կյանք, կենսակերպ... Բայց միայն կենսակերպ չէ, յուրաքաչյուր մարզիկի համար իր նախընտրած մարզաձեւը դառնում է ապրելու եւ արարելու իմաստ:

Ստեփան, դու նաեւ Բաքվում կայացած Եվրոպական խաղերի չեմպիոն ես: Հիշու՞մ ես այդ չեմպիոնությունդ:

Իհարկե... Այդ մրցանակն էլ է ինձ համար շատ կարեւոր: Գիտեմ, որ հայ մարզիկների նկատմամբ Բաքվում ընթացող մրցաշարարերում ոչ բարիդրացիական վերաբերմունք կա: Ես նախապես արդեն գիտեի, որ գուցե իմ նկատմամբ էլ նման վերաբերմունք լինի, բայց այդ ճնշող մթնոլորտը Բաքվում աշխատեց իմ օգտին: Ես ավելի կենտրոնացած էի եւ ինձ ավելի ոգեւորում էր, որ ես՝ հայս, պետք է հաղթանակ տոնեմ, ու այդպես էլ եղավ:

Ռիոյի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի օլիմպիական հավաքականում դու չհայտնվեցիր...

Այո, ես հնարավորություն չունեցա ուժերս փորձել Օլիմպիական խաղերում: Ես հավակնորդների ցանկում էի, բայց Օլիմպիական խաղերից առաջ փորձամրցում անցկացրեցին եւ ես այն չանցա: Մեր մոտ՝ Ռուսաստանում, Օլիմպիական խաղերին առանձնահատուկ մոտեցում կա: Ռուսաստանի կազմում Օլիմպիական խաղերում հայտնվելու համար մարզիկի ընգրկվելը միայն պայքարով եւ արդյունքով պայմանավորված չէ. կան նաեւ որոշակի քաղաքական հարցեր, հայացքներ... Եվ հենց քաղաքականությունն էլ իր դերն ունեցավ, որ ես չընդգրկվեմ օլիմպիական հավաքականում: Ես չեմ ուզում իմ՝ Ռիոյին չմասնակցելուս պատճառների շեշտը դնել հենց քաղաքականության վրա: Ես համարում եմ՝ ուրեմն դեռ ժամանակը չէր, որ ես ուժերս փորձեի Օլիմպիական խաղերում: Ուրեմն ես դեռ պետք է նվաճումներ գրանցեի, ինչպես աշխարհի ոսկե մեդալը:

Ստեփան, հաղթանակները, հաջողությունները մարզիկի ուժեղ կամքի՞, թե՞  թիմային աշխատանքի արդյունքն են:

Թիմային աշխատանքի, մարզիկի կամքի արդյունքն է: Մարզիկի հաջողությունները նաեւ բոլոր նրանց ուժեղ կամքի արդյունքն են, ովքեր քո կողքին են եւ շատ են ուզում, որ դու հասնես բարձունքների քո մարզաձեւում: Մարզիկի հաջողություններում եւ կայացման հարցում իր ամենամեծ լուման ունի ընտանիքը՝ ովքեր հավատում են քեզ եւ քո կողքին են ոչ միայն հաղթանակների, այլեւ պարտությունների ժամանակ:

Ընտանիքի մասին խոսք գնաց. արդեն կազմե՞լ ես քո ընտանիքը:

Այո, ամուսանցած եմ եւ արդեն ունեմ 1-ամյա դուստր: Օրերս նշեցինք 1 տարեկանը: Ընտանիքս ինձ շատ է օգնում, հասկանում, ընդունում ինձ եւ իմ ընտրած մարզաձեւը: Կինս մշտապես աջակցում է, իսկ դուստրս՝ ուժ տալիս առաջ շարժվելու. գիտակցում ես, որ այն, ինչ անում ես, ինչ խնդիրներ ու դժվարություններ, հաղթանակներ ու պարտություններ տանում ես, նրա համար է: Ինձ համար ընտանիքս ամենաթանկ բանն է, որ ունեմ եւ ամեն ինչ անում եմ նրանց բարեկեցության եւ լավ ապագայի համար: Դստերս ապագան չեմ կանխորոշում. եթե կուզի սպորտում լինել, միայն կաջակցեմ, բայց չեմ պարտադրի:

Ստեփան, ուղղությունդ Տոկիո-2020՞-ն է:

Իհարկե... Նպատակս եւ ցանկությունս Օլիմպիական խաղերն են: Մինչ այդ դեռեւս ունենք մի շարք մրցաշարեր, վարկանիշային մրցաշարեր, պետք է ամեն ինչ անեմ, որ մշտապես լավ մարզավիճակում դուրս գամ գորգ: Եվ վերջում պետք է ամեն ինչ անեմ, որ ընդգրկվեմ Ռուսաստանի օլիմպիական հավաքական: Իսկ եթե այս անգամ լինեն քաղաքական պայմանավորվածություններ վերեւեներում, մենք կլինենք բոլորից մի գլուխ բարձր եւ թույլ չենք տա, որ նման բան կրկնվի:

Ե՞րբ քեզ սպասենք Հայաստանում:

Ես շատ եմ սիրում Հայաստանը: Ճիշտ է, ծնվել եւ մեծացել եմ Ռուսաստանում, բայց Հայաստանն էլ իմ երկրորդ հայրենիքն է: Ես ինձ Հայաստանում շատ լավ եմ զգում: Պետք է մինչեւ Նոր տարին գայի, բայց երեւի տոներից հետո ընտանիքովս կժամանեմ: Կապս մշտապես պահում եմ Հայաստանի, հայերի եւ հայ մարզիկների հետ: Իսկ այստեղ իմ բնակավայրում մշտապես շրջապատված եմ հայերով եւ հայկական մթնոլորտով: Ափսոսում եմ միայն, որ հայերեն լավ չեմ խոսում, բայց հասկանում եմ. քիչ թե շատ փորձում եմ խոսել:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ