11:23  ,  10 նոյեմբերի, 2018

Նազիկ Ավդալյան. Սիմոն Մարտիրոսյանի տիտղոսը շատ սպասված ու մեծ հաղթանակ էր

Սիմոն Մարտիրոսյանի աշխարհի չեմպիոնի տիտղոսը շատ սպասված ու մեծ հաղթանակ էր, քանի որ երկար ժամանակ ծանրամարտից աշխարհի չեմպիոն չէինք ունեցել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 2009թ. աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ծանրամարտի կանանց 69 կգ քաշայինների պայքարում 5-րդ տեղ զբաղեցրած Նազիկ Ավդալյանը:

«Սիմոն Մարտիրոսյանն անբացատրելի մարզիկ է: Նա ամեն անգամ մրցահարթակում ապացուցում է իր լավագույնը լինելը: Սիմոնը փոքր տարիքից էլ աչքի էր ընկնում իր ուժող, հեռանկարային մարզիկ էր երեւում եւ մեծ ներուժ ուներ: Ես դեռ տարիներ առաջ նշել էի, որ ճիշտ մարզումների եւ աշխատանքի արդյունքում նա մեծ նվաճումների կհասնի: Սպասում էի նրանից այս հաղթանակը եւ որեւէ կասկած չկար, որ Սիմոն Մարտիրոսյանը դառնալու է անկախ Հայաստանի աշխարհի չեմպիոններից մեկը: Շնորհավորում եմ Սիմոնին, մեր ազգին: Սա մեծ ու շատ սպասված հաղթանակ էր, քանի որ երկար ժամանակ ծանրամարտից աշխարհի չեմպիոն չէինք ունեցել:

Ծանրամարտում եւ առհասարակ յուրաքանչյուր մարզաձեւում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելը շատ բարդ է: Մինչեւ այդ կոչմանն արժանանալը մարզիկները մի ամբողջ կյանք են դնում այդ ամենում: Հպարտանում եմ, որ հայկական սպորտն այսօրինակ զարգացում է ապրում, որ աշխարհի ուժեղագույնները մեր երկիրը ներկայացնող հայ մարզիկների հետ են պայքարի մեջ մտնում, իսկ մրցաշարերի վերջում Հայաստանի դրոշն է բարձրանում ու մեր հիմնը հնչում: Սա մեծ պատիվ է յուրաքանչյուր մարզիկի համար:

Հավատում եմ, որ Սիմոն Մարտիրոսյանը նույն տեմպով եւ ոգով աշխատանքը շարունակելու դեպքում օլիմպիական չեմպիոնի կոչումն էլ կնվաճի, իր այս նվաճումներն էլ կկրկնապատկի»,- ասաց Նազիկ Ավդալյանը:

Հիշեցնենք, որ 2010 թվականից հետո Հայաստանը ծանրամարտում աշխարհի չեմպիոն չէր ունեցել: 21-ամյա Սիմոն Մարտիրոսյանը չեմպիոնական տիտղոսը նվաճեց 109 կգ քաշային կարգում: Նա առաջին անգամ է հասնում այսպիսի հաջողության:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով