01:08  +04,  10 նոյեմբերի, 2018

Սիմոն Մարտիրոսյան. Հաղթանակս նվիրում եմ ամբողջ հայ ազգին, սա Հայաստանի հաղթանակն է

Հաղթանակս նվիրում եմ ամբողջ հայ ազգին եւ բոլոր նրանց, ովքեր այսօր ուրախացել են իմ հաղթանակով: Սա Հայաստանի հաղթանակն է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Աշգաբադից ասաց ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը՝ երկամարտի 435 կգ արդյունքով եւ աշխարհի ռեկորդով:

Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում 195 կգ արդյունքով նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ 1 կգ հետ մնալով չինացի Ժե Յանգից։ Հրում վարժությունում օլիմպիական փոխչեմպիոնը  պատվիրեց 230 կգ եւ բարձրացրեց առաջին փորձով՝ ապահովելով երկամարտում առաջին տեղը։ Հայ մարզիկը պատվիրեց նաեւ 240 կգ, որը եւս բարձրացրեց եւ ինչը եւս աշխարհի ռեկորդ է։

Սիմոն, շնորհավորում եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Ինչպիսի՞ն են զգացողություններդ աշխարհի ոսկե մեդալը նվաճելուց հետո:

Շնորհակալ եմ: Շատ լավ զգացողություններ ունեմ: Երջանիկ եմ, որ կարողացա Հայաստանի համար նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Դեռ չեմ կարողանում բառերով նկարագրել զգացողություններս: Երեւի կվերադառնամ հայրենիք, նոր ամեն ինչ ավելի իրական կպատկերացնեմ:

Բա՞րդ էր հասնել աշխարհի չեմպիոնի կոչմանը:

Ինչպես ասում են՝ դժվար է մարզումներին, հեշտ մրցահարթակում: Իրականում՝ յուրաքանչյուր հաղթանակ մեծ դժվարությամբ է տրվում, դժվար մարզումների արդյունքում:

Սիմոն, դու մի քանի ռեկորդ սահմանեցիր. 435 կգ երկամարտի արդյունք: Այդքան ուժ քեզ որտեղի՞ց:

Չգիտեմ, երեւի պատահական ստացվեց (ծիծաղում է): Կատակում եմ... Երկար էի պատրաստվել այս առաջնությանն ու պայքարին:

Մրցակցության մասին ի՞նչ կասես:

Օլիմպիական չեմպիոնների հետ էի պայքարում, բայց այս անգամ մրցակցությունն այդքան էլ մեծ ու բարդ չէր:

Իսկ հավատու՞մ էիր, որ կնվաճես աշխարհի առաջնության ոսկե մեդալը:

Հավատում էի եւ աշխարհի առաջնության էի եկել աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու եւ այս կոչմանն արժանանալու նպատակով:

Ու՞մ ես նվիրում հաղթանակդ:

Սա միայն իմ հաղթանակը չէ, սա Հայաստանի հաղթանակն է: Նվիրում եմ մեր ամբողջ հայ ազգին եւ բոլոր նրանց, ովքեր ուրախացել են իմ հաղթանակով:

21-ամյա Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 2017-ի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոնը,  Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնը եւ ռեկորդակիր, Մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։ Երիտասարդ ծանրորդի մեդալային պահոցում պակասում էր միայն աշխարհի առաջնության մեդալ, որը լրացրեց ոսկե մեդալով:

Դեռեւս 2017 թվականի տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցում օլիմպիական փոխչեմպիոնը նշել էր, որ 2018-ում իր գլխավոր նպատակը աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելն էր:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ