23:46  ,  9 նոյեմբերի, 2018

Վիգեն Խաչատրյանը՝ Աշգաբադից. Եկել էր ժամը, որ Սիմոն Մարտիրոսյանը դառնար աշխարհի չեմպիոն

Եկել էր ժամը, որ Սիմոն Մարտիրոսյանը դառնար աշխարհի չեմպիոն: Այսպես NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Աշգաբադից ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի չեմպիոնիական մրցելույթը աշխարհի առաջնությունում:

Հիշեցնենք, որ Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը՝ երկամարտի 435 կգ արդյունքով եւ աշխարհի ռեկորդով:

«Բոլորիս շնորհավորում եմ: Երկար էինք սպասել այս մեդալին: 2010 թվականից հետո ծանրամարտում աշխարհի չեմպիոն չէինք ունեցել, վերջին անգամ այս տիտղոսը Հայաստանի համար նվաճել էր Տիգրան Մարտիրոսյանը:

Սիմոն Մարտիրոսյանը երկար էր պատրաստվել աշխարհի առաջնությանը, այս պայքարին: Եկել էր ժամը, որ նա դառնար աշխարհի չեմպիոն: Ուժեղ հակառակորդներ ուներ՝ միայն երկուսը օլիմպիական չեմպիոններ էին: Բայց սերնդափոխությունն իր գործն արեց. Սիմոնը 21 տարեկան է, նրանք՝ 30 անց: Ժամանակն է, որ ավագները զիջեն իրենց դիրքերը եւ նոր եկած սերունդն իր խոսքն ասի մեծ սպորտում այնպես, ինչպես այսօր դա արեց Սիմոն Մարտիրոսյանը:

Ես սպասում էի այս տիտղոսը Սիմոնից, բայց լռում էի (ծիծաղում է): Սխալ կլինի փաստացի ասել, թե մեկ տարի ուշացանք, որ նախորդ տարի աշխարհի առաջնությանը մասնակցելու դեպքում այս հաջողությունը կունենայինք, բայց որ մեդալ կունենայինք, դա հաստատ է: Սպորտում ոչինչ հնարավոր չէ կանխատեսել, քանի որ ոչինչ միանշանակ չէ: Օրինակ՝ այս աշխարհի առաջնությունից առաջ բոլորս հավատում էինք, որ Անդրանիկ Կարապետյանը կամ Հակոբ Մկրտչյանը հաստատ չեմպիոններ են, բայց այսօր նրանք չեմպիոն չեն եւ դրանով ամեն ինչ ասված է: Իրենք արդեն պետք է պատրաստվեն հաջորդ աշխարհի առաջնությունում չեմպիոն դառնալուն:

Մեր թիմը, մեր ծանրորդները ուժեղ են եւ աշխարհի առաջնության ոսկե մեդալների իրական հավակնորդներ են: Դեռեւս այս հաղթանակով չենք սահմանափակվում: Որքան էլ այս հաղթանակը բոլորիս շատ ուրախացրել է, բայց դեռ վաղն ունենք օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանի շատ կարեւոր մասնակցություն»,- ասաց Վիգեն Խաչատրյան:

Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում 195 կգ արդյունքով նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ 1 կգ հետ մնալով չինացի Ժե Յանգից։ Հրում վարժությունում օլիմպիական փոխչեմպիոնը  պատվիրեց 230 կգ եւ բարձրացրեց առաջին փորձով՝ ապահովելով երկամարտում առաջին տեղը։ Հայ մարզիկը պատվիրեց նաեւ 240 կգ, որը եւս բարձրացրեց եւ ինչը եւս աշխարհի ռեկորդ է։

Նոյեմբերի 10-ին Աշգաբադում ընթացող աշխարհի առաջնության մրցահարթակ դուրս կգա Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ օլիմպիական փոխչեմպիոն, գերծանրքաշային Գոռ Մինասյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով