21:40  ,  9 նոյեմբերի, 2018

Օլ. չեմպիոն. Ի. Միլիտոսյան. Ս. Մարտիրոսյանը անգերազանցելի է եւ ապացուցեց ամբողջ աշխարհին

Սիմոն Մարտիրոսյանն այսօր անգերազանցելի էր աշխարհի առաջնության մրցահարթակում: Այս հաղթանակն ու սահմանված ռեկորդները ուրախացրին բոլորիս:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի օլիմպիական չեմպիոն (1992թ.), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի, Եվրոպայի ու ԽՍՀՄ չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը՝ անդրադառնալով Աշգաբադում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Սիմոն Մարտիրոսյանի մրցելույթներին եւ հաղթանակին:

Հիշեցնենք, որ Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը՝ երկամարտի 435 կգ արդյունքով՝ աշխարհի ռեկորդ:

«Շնորհավորում եմ բոլորիս այս փառահեղ հաղթանակի կապակցությամբ: Սիմոնը շատ խոստումնալից մարզիկ է եւ այսօր շատ ուրախացրեց մեզ: Հետեւում էի մրցելույթներին եւ միայն բարձր գնահատական կտամ նրա մոտեցումներին թե պոկում, թե հրում վարժություններում: Շատ ինքնվստահ էր եւ ակնհայտ էր, որ պատրաստ էր աշխարհի առաջնության մրցահարթակն դուրս գալուն ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես:

Ինձ մասնավորապես նրա գրանցած ռեկորրդներն ուրախացրեցին, քանի որ վաղուց այսպիսի ռեկորդներ ծանրամարտում չէինք ունեցել: Սիմոն Մարտիրոսյանը անգերազանցելի է, եւ նա դա ապացուցեց ամբողջ աշխարհին: Ափսոսում եմ միայն, որ պոկում վարժության ռեկորդը չհաշվեցին: Նա շատ լավ պահեց գլխավերեւում 197 կգ-ը, շարժում կար, բայց այնքան չնչին էր, որ մրցավարները կարող էին դա հաշվի չառնել: Ամեն դեպքում դա չխանգարեց մարզիկին որ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեր»,- ասաց Իսրայել Միլիտոսյանը:

Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում 195 կգ արդյունքով նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ 1 կգ հետ մնալով չինացի Ժե Յանգից։ Հրում վարժությունում օլիմպիական փոխչեմպիոնը  պատվիրեց 230 կգ եւ բարձրացրեց առաջին փորձով՝ ապահովելով երկամարտում առաջին տեղը։ Հայ մարզիկը պատվիրեց նաեւ 240 կգ, ինչը եւս աշխարհի ռեկորդ է։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով