18:22  ,  9 նոյեմբերի, 2018

Սիմոն Մարտիրոսյանն՝ աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր (ֆոտո)

Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը։

21–ամյա ծանրորդը հանդես եկավ 109 կգ քաշային կարգի A խմբում։ Պոկում վարժությունում օլիմպիական փոխչեմպիոնը 195 կգ արդյունքով նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ 1 կգ հետ մնալով չինացի Ժե Յանգից։ Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը պատվիրեց 230 կգ եւ բարձրացրեց առաջին փորձով՝ ապահովելով երկամարտում առաջին տեղը։ Հայ մարզիկը պատվիրեց նաեւ աշխարհի ռեկորդ 240 կգ, որը եւս բարձրացրեց եւ երկամարտում պայքարն ավարտեց 435 կգ արդյունքով, ինչը եւս աշխարհի ռեկորդ է։

Երկրորդ տեղը գրաված Ժե Յանգի երկամարտի արդյունքն է 419 կգ։ Հրում վարժությունում նա բարձրացրեց 223 կգ։

Հիշեցնենք, որ Հայաստանի ծանրամարտի հավաքականները մեկ տարի որակազրկված էին հակադոպինգային կանոնադրության խախտումների հետեւանքով եւ չէին մասնակցել 2017թ. աշխարհի առաջնությանը։

Նախորդ անգամ տղամարդկանց հավաքականից աշխարհի չեմպիոն էր դարձել Տիգրան Գ. Մարտիրոսյանը, որը 2010 թվականին Թուրքիայում գրավել էր առաջին տեղը 77 կգ քաշային կարգում։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականից առաջինը պայքարը սկսել էր Անդրանիկ Կարապետյանը: 81 կգ քաշային կարգում հայ մարզիկը պոկում վարժությունում պատվիրել էր 171 կգ եւ երեք փորձերն էլ ձախողել:

Հակոբ Մկրտչյանը 89 կգ քաշային կարգում գրավել էր 7-րդ տեղը՝ երկամարտում հավաքելով 365 կգ (160+205): Հրում վարժությունում Մկտչյանը նվաճել էր փոքր արծաթե մեդալ:

Աշխարհի առաջնությունում կանանց Հայաստանի թիմից Իզաբելա Յայլյանը (59 կգ) գրավել էր 9-րդ տեղը: Երկամարտում հայ մարզուհին գրանցել էր 210 կգ (95+115) արդյունք:71 կգ քաշային կարգի B խմբում Լիանա Գյուրջյանը երկամարտի 195 կգ (85+110) արդյունքով գրավել էր 19-րդ տեղը: Տաթեւ Հակոբյանը 81 կգ քաշային կարգի A խմբում չկարողացավ պոկում վարժությունում բարձրացնել պատվիրած 104 կգ-ն՝ ձախողելով երեք փորձն էլ: Հրում վարժությունում նա պատվիրել էր 130 կգ, սակայն հրաժարվեց հետագա պայքարից:

Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաեւ Արփինե Դալալյանը (+ 87 կգ) եւ Գոռ Մինասյանը (+109 կգ):

Սիմոն Մարտիրոսյանի չեմպիոնական 2017–ը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում