12:36  ,  8 նոյեմբերի, 2018

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը ներողություն է խնդրել սկանդալային 11 մետրանոցի համար

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգն անդրադարձել է Դոնեցկի «Շախտյորի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում նշանակված սկանդալային 11 մետրանոցին: Մանչեսթերում կայացած հանդիպման 24-րդ րոպեին անգլիացի ֆուտբոլիստը ներխուժել էր մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ ոտքով հարվածել էր խոտածածկին եւ ընկել: Խաղի գլխավոր մրցավար Վիկտոր Կաշային սխալմամբ նշանակել էր 11 մետրանոց հարված:

«Ցանկանում էի հարվածել գնդակին, իսկ հետո չգիտեմ՝ ինչ պատահեց: Ես հարվածեցի խոտածածկին եւ ընկա, այնպես որ ներողություն եմ խնդրում մրցավարից ու «Շախտյորից»: Խնդրում եմ ներել ինձ»,- Ստերլինգի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Մանչեսթեր Սիթին» խփել էր 6 անպատասխան գոլ, իսկ Ստերլինգն աչքի էր ընկել մեկ անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում