17:42  +04,  7 նոյեմբերի, 2018

Սպորտի նախարարը ներկա է եղել նոր մարզաառողջարանային կենտրոնի բացմանը (ֆոտո)

Նորակառույց «InՍպորտ» մարզաառողջարանային կենտրոնն առողջ ապրելակերպը նախընտրողներին ծառայություն մատուցելուց բացի, կունենա նաեւ թիմեր տարբեր մարզաձեւերից, ինչպես նաեւ կհամագործակցի տարբեր ֆեդեացիաների հետ` հնարավորինս մատչելի գներով մարզիկների մարզումներն ապահովելու համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց նոյեմբերի 7-ին Երեւանում (Հասցե՝ Քանաքեռ - Զեյթուն, Պարույր Սeuակ 8/3) բացված «InՍպորտ» մարզահամալիրի տնօրեն Դավիթ Հայրապետյանը:

«Մարզահամալիրն ունի ժամանակակից տեխնիկական հագեցվածություն, կահավորված է արդիական մարզագույքով եւ լավագույնս ծառայելու է մեր մայրաքաղաքի բնակիչների սպորտային առօրյայի կազմակերպմանը: Կենտրոնը կարող է մեկ ժամում ծառայություն մատուցել մինչեւ 150 հաճախորդի: Ստեղծվել է շուրջ 50 մշտական աշխատատեղ: Մարզահամալիրի կառուցման համար ծախսվել է 1,72 միլիարդ դրամ: Ընդհանուր մակերեսը 6400 քմ է: Ունենք 25 մետրանոց լողավազան, ուժային մարզումների մեծ սրահ, կարդիո մարզումների դահլիճ, խմբակային մարզասրահ, շոգեբաղնիք, մեծ հանդերձարաններ եւ լոգասենյակներ: Քաղաքացիներից բացի, նպատակ ունենք կենտրոնը ծառայեցնելու նաեւ պրոֆեսիոնալ մարզիկների ֆիզպատրաստության մազումներն այստեղ կազմակերպելուն:

Նախնական պայմանավորվածություններ ունենք մի քանի ֆեդերացիաների հետ՝ մատչելի գներով մարզումներն անցկացնելու համար: Կենտրոնը կունենա լողի թիմ, որը հանդես կգա Հայաստանի առաջնություններում եւ մարզիկներ կպատրաստի Հայաստանի հավաքականների համար»,- նշեց Դավիթ Հայրապետյանը:

Մարզակառույցի նախաձեռնողը ԵՊՀ շրջանավարտների միավորումն է՝ ի դեմս Հայաստանի սպորտի նախկին փոխնախարար Արսեն Քարամյանի:

«Սա անհամեմատ մատչելի մարզահամալիր է, այստեղ տարեկան սկսած 140 հազար դրամ բաժանորդագրությամբ կարող են սպորտի սիրահաները օգտվել կենտրոնի բոլոր ծառայություններից: Հայաստանում գործող մյուս կենտրոնների համեմատ, դա բավական ցածր գին է»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արսեն Քարամյանը:

Կենտրոնի բացմանը ներկա էր նաեւ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, որը նշեց հետեւյալը:

«Ցանկացած մարզաառողջարանային կենտրոնի բացում մեր երկրում խթանում է սպորտի, ֆիզկուլտուրայի զարգացմանն ու մասսայականացմանը: Պետք է մշտապես քարոզել առողջ ապրելակերպը ոչ միայն Երեւանում, այլ ամբողջ Հայաստանում: Շատ հարմար կենտրոն է, ծառայությունների տեղաբաշխումն ինձ դուր եկավ: Կլինի համագործակցություն նախարարության եւ ֆեդերացիների հետ: Առհասարակ, բոլոր նման կառույցները պետք է պայմաններ ստեղծեն, որ մեր հավաքականները հնարավորություն ունենան մարզվել նաեւ այդպիսի կենտրոններում: Հուսով եմ՝ այստեղ կտեսնենք նաեւ մեր մարզիկներին մարզվելիս»,- ասաց Գաբրիել Ղազարյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս