11:20  ,  7 նոյեմբերի, 2018

Էդգար Բաբայան. Խաղը ցույց տվեց, որ վատ մարզավիճակում չեմ

Դանիական «Հոբրոյի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է ծնկի վնասվածքից վերականգնվելուց հետո իր վերադարձը խաղադաշտ: Նախօրեին 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել էր «Օդենսեի» դեմ ֆուտբոլի Դանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղին, որում «Հոբրոն» տնային պարտություն էր կրել 2:4 հաշվով: Հայ կիսապաշտպանը փոխարինման էր դուրս եկել 56-րդ րոպեին, երբ հաշիվը 2:3 էր:

«Վերջին շրջանում արդեն մարզվում էի ընդհանուր խմբում եւ պետք է խաղադաշտ վերադառնայի նախորդ խաղում, սակայն հիվանդացել էի: Շատ ուրախ եմ, որ վնասվածքից հետո վերադարձա խաղադաշտ: Խաղը ցույց տվեց, որ վատ մարզավիճակում չեմ: Լավ եմ զգում ինձ եւ Հայաստանի հավաքականից հրավեր ստանալու դեպքում պատրաստ եմ Ազգերի լիգայի առաջիկա խաղերում օգնել թիմին»,- զրույցում նշեց Բաբայանը:

Հիշեցնենք, որ Էդգար Բաբայանը ծնկի վնասվածք էր ստացել «Ռանդերսի» դեմ Դանիայի առաջնության 6-րդ տուրի խաղում, որը կայացել էր օգոստոսի 19-ին:

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերը կանցկացնի նոյեմբերի 16-ին ու 19-ին՝ հյուրընկալվելով Ջիբրալթարին ու Լիխտենշտեյին:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում