15:32  ,  5 նոյեմբերի, 2018

IWF. Ծանրամարտի աշխարհը սգում է բոլոր ժամանակների մեծագույն ծանրորդներից մեկի՝ հայկական լեգենդի մահվան կապակցությամբ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) ցավակցական ուղերձ է հղել Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի 7-ակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն, լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ։

«Ծանրամարտի աշխարհը սգում է բոլոր ժամանակների մեծագույն ծանրորդներից մեկի, հայկական լեգենդի մահվան կապակցությամբ: Վարդանյանը ոսկե մեդալ էր նվաճել 1980-ի Օլիմպիական խաղերում՝ դառնալով աշխարհի առաջին ծանրորդը, որը 82,5 քաշային կարգում հատեց 400 կգ-ի սահմանագիծը: Նա աշխարհի 7-ակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն է եւ սահմանել է աշխարհի 41 ռեկորդ: Ավելի ուշ Վարդանյանը Հայաստանի դեսպանն էր Վրաստանում: Նա 62 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում:

IWF-ն ցավակցում է Վարդանանի ընտանիքին ու Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային»,- նշված է IWF-ի կայքում:

Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին Լենինականում: 1974-1980թթ. սովորել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետում՝ ստանալով Ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի մասնագիտություն: 1984-1987թթ. սովորել է Երեւանի ժողովրդական ինստիտուտի «Ժողովրդական տնտեսության պլանավորում» ֆակուլտետում եւ ստացել տնտեսագետի որակավորում:

Ծանրամարտով սկսել է զբաղվել 1970 թվականից, հորեղբոր՝ Սերգեյ Վարդանյանի գլխավորությամբ: 1975-76 թթ. դարձել է աշխարհի եւ Եվրոպայի պատանեկան չեմպիոն 75 կգ քաշային կարգում։ 1977 թվականից ԽՍՀՄ հավաքականի անդամ էր։ Աշխարհի 9-ակի չեմպիոն է 1977-1979, 1980-1981, 1983, 1985 թթ. եւ Եվրոպայի 8-ակի չեմպիոն 1977-78, 1980-81, 1980թթ.: Այդ ընթացքում 1977, 1979 եւ 1981 թվականներին նվաճել է նաեւ ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը: 1980 թվականին Մոսկվայում կայացած Օլիմպիական խաղերում 82,5 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ եւ ռեկորդ սահմանել միջին քաշային կարգում՝ բարձրացնելով 400 կգ։ 1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ: Աշխարհի 43 ռեկորդների հեղինակ է:

1985 թվականին Յուրի Վարդանյանն ընտրվել է Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհրդի անդամ եւ սկսում զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Բացի մարզական կարիերայից, 1973-1974թթ. լեգենդար ծանրորդն աշխատել է Լենինականի վագոնային դեպոյում՝ որպես հրահանգիչ: 1986-1988թթ. եղել է Լենինականի արհմիությունների սպորտընկերության նախագահը: 1989-1991թթ. եղել է Արհմիությունների հանրապետական սպորտընկերության նախագահը: 1991-1993թթ. եղել է ծանրամարտի ԱՄՆ-ի հավաքականի խորհրդատու-մարզիչը: 1994-1997թթ. եղել է ամերիկյան «Չիկագո Բուլս» բասկետբոլային ակումբի ֆիզպատրաստության մարզիչը: 1998-2002թթ. եղել է «Գյումրի հայրենակցական միության» նախագահը: 2003-2008թթ. եղել է Կալիֆորնիայի «Հայերի միության» նախագահը: 2009 թվականին նշանակվել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական։ 2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։ 2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ 2017թ. հոկտեմբերի 31-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել էր դեսպանի պաշտոնից։

Յուրի Վարդանյանը մահացել է երկարատեւ հիվանդությունից հետո: Ստացել է պետական պարգեւներ եւ մրցանակներ՝ 1985թ. Լենինի շքանշանակիր, 1980թ. «Աշխատանքային կարմիր աստղի» շքանշանակիր, 2008թ. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, 2008թ. ԼՂՀ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ: Ամուսնացած էր, ուներ երեք որդի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում