13:08  ,  31 հոկտեմբերի, 2018

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անհաջող ելույթի պատճառներն՝ ըստ մարզիչի (ֆոտո)

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կանգնած է սերնդափոխության խնդրի առաջ: Թիմում տարիքով մեծ ըմբիշներ են, այդ պատճառով էլ հաջողություններ չենք գրանցքում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը՝ ամփոփելով Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հոկտեմբերի 21-28-ն անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

«Մեդալ նվաճելու հնարավարություններ ունեցանք: Գրիգոր Գրիգորյանը եւ Դավիթ Սաֆարյանը պարտվեցին քառորդ եզրափակիչում: Նրանք մեդալի իրական հավակնորդ էին, բայց այս անգամ էլ չստացվեց: Մենք կանգնած ենք խնդրի առաջ. հավաքականում պետք է տեղի ունենա սերնդափոխություն: Հավաքականում բոլորն արդեն տարիքով են: Երիտասարդները պետք է իրենց ուրույն տեղը զբաղեցնեն հավաքականում: Կարծում եմ՝ 1-2 տարում արդեն կունենանք նոր հավաքական: Մեծահասակները դեռեւս չեն լքի հավաքականը, քանի որ պետք է օգնեն երիտասարդներին, իրենց փորձը փոխանցեն:

Այս աշխարհի առաջնությունը մեզ համար լավ չստացվեց: Նախորդ մրցաշարերում փայլուն հաջող հանդես չէինք եկել, որ աշխարհի առաջնությունում մեդալ չնվաճելը անակնկալ լիներ մեզ համար: Մեր թիմի կողքին ունենք աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկը՝ հունահռոմեականը, եւ ինձ համար շատ դժվար է այս թիմի հաջողությունների կողքին ունենալ անհաջող մրցելույթներով հավաքական: Հունահռոմեականների մեր հավաքականը մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է եւ դժվար է լինել այսպիսի հավաքականի կողքին: Դեկտեմբերին կանցկացնենք Հայաստանի առաջնություն, նոր հավաքական կձեւավորենք, որով էլ կանցնենք նախաօլիմպիական տարին»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեդալ չէր նվաճել Բուդապեշտում: Հայաստանի թիմի կազմում հանդես էին եկել Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Վալտեր Մարգարյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ): Սաֆարյանը եւ Գրիգորյանը 2 հաղթանակներից հետո պարտություն էին կրել քառորդ եզրափակիչում, իսկ մյուսները պարտել էին մեկնարկում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում