12:54  ,  31 հոկտեմբերի, 2018

Լեւոն Ջուլֆալակյան. Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանն աշխարհի առաջնությունից առաջ վնասվածքներ ունեին (ֆոտո)

Հաճախ մարզիկներն այլ խնդիրներ լուծելու համար են դուրս գալիս գորգ: Երեւի, այդպիսի խնդիր էր փորձում լուծել Արթուր Շահինյանի մրցակից ադրբեջանցի ըմբիշը, եւ գուցե այդ պատճառով պարտվելիս այդքան էմոցիոնալ արձագանքեց:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը՝ ամփոփելով  Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հոկտեմբերի 21-28-ն անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

«Աշխարհի առաջնությունից վերադարձանք երկու բրոնզե մեդալով: Մեդալային պայքարում էր նաեւ Արթուր Ալեքսանյանը, բայց վնասվածքի պատճառով բաց թողեցինք: Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանն առաջնությունից առաջ արդեն վնասվածքներ ունեին: Հնարավորինս հանգստացրեցինք, բայց մրցագորգում երկուսի վնասվածքներն էլ զգալ տվեցին: Արթուր Ալեքսանյանը առաջին գոտեմարտում նաեւ կողոսկրի վնասվածք ստացավ, բայց կարողացավ մինչեւ վերջ տանել պայքարը այդ օրը: Մեկ օր անց վնասվածքն ավելի գլուխ բարձրացրեց: Նախավարժանքին հասկացանք, որ ավելի է բարդանում նրա վիճակը: Գոտեմարտից առաջ Արթուրին զննեց UWW-ի բժշկական կազմը եւ նրան ազատեց մասնակցությունից: Մենք էլ հասկացանք, որ չենք կարող ռիսկի գնալ: Արթուր Ալեքսանյանը դեռ մի քանի օր կհանգստանա: Հոգեբանական ճնշում էր սա նրա համար: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի: Կհետազոտվի, ինչի անհրաժեշտություն կա, ամեն ինչ կարվի, որ նա լիարժեք առողջանա եւ վերադառնա հավաքական:

Ինձ եւ բոլորիս այս առաջնությունում շատ ուրախացրեց Արթուր Շահինյանը: Միշտ մեդալ եմ սպասել նրանից: Նա պատահական ըմբիշ չէ, բայց միշտ ինչ-որ բան չէր բավականացնում նրան: Նա իր համար նվաճեց շատ կարեւոր մեդալ: Սա նրա տարիների վաստակածն էր: Ադրբեջանցի ըմբիշը շատ ազդվեց, որ հային պարտվեց: Չեմ կարող ասել՝ ինչու այդպես դրսեւորեց իրեն: Մենք դուրս ենք գալիս գորգ՝ սպորտում հաղթելու եւ սպորտային խնդիրը լուծելու եւ, բնավ կարեւոր չէ, թե որ ազգի ներկայացուցիչ է մրցակիցը՝ ադրբեջանցի, ռուս, թե՝ այլ երկիր: Իսկ շատ երկրներ, երեւի, դուրս են գալիս գորգ այլ խնդիրներ լուծելու:

55 կգ քաշային կարգում գորգ դուրս եկավ երիտասարդ Նորայր Հախոյանը: Նա լավ մասնակցեց: Թերություններ կային, բայց հաշվի առնելով նրա աշխատանքը, գոտեմարտերը, գոհ եմ նրա մասնակցությունից: 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանից եւս դժգոհ չեմ: Նրա քաշային կարգը կփոխենք, քանի որ բարձրահասակ է եւ չի հարմարվում իր քաշային կարգում:

Կփոխենք նաեւ Մաքսիմ Մանուկյանի քաշային կարգը, քանի որ այն օլիմպիական չէ: 82-ից կփոխվի 87 եւ, կարծում եմ, նրա համար այս փոփոխությունը խնդրային չի լինի:

Երկու բրոնզե մեդալի արդյունքն ինձ գոհացնում է: Մրցումները շատ լարված էին, բայց մեր թիմն, իրոք, լավ մարզավիճակում էր: Թիմային հաշվարկում մինչեւ Արթուրի գոտեմարտը 4-րդ տեղում էինք: Բրոնզը բաց թողնելուց հետո պայքարն ավարտեցինք 6-րդ տեղով: Ինչ-խոսք, կարող էինք ավելին անել, բայց սա սպորտ է եւ ամեն ինչ կարող է լինել: Մեր աշխատանքը շարունակական է, երբեք տեղում չենք դոփել: 20 տարի գլխավորում եմ հավաքականը: Տարեցտարի մեր արդյունքները բարելավվել են: Եթե կա աշխատանք, կա նաեւ սայթաքում: Մեր մարզիկները բոլորը նպատակասլաց են, ունեն իրենց առջեւ դրված նպատակներ եւ ձգտում են հասնել դրանց: Նախաօլիմպիական տարին կսկսենք ծաղկաձորյան հավաքով, իսկ հունվարին Հայաստանի առաջնություն կանցկացնենք: 2019 թվականը շատ ծանրաբեռնված է լինելու: Կարծում եմ՝ կապահովենք օլիմպիական վարկանիշներ եւ կնախապատրաստվենք Օլիմպիական խաղերին»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 2 մեդալ էր նվաճել հունահռոմեական ոճի մրցաշարում, որում երրորդ տեղն էին գրավել Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) եւ Արթուր Շահինյանը (87 կգ): Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած թիմի կազմում հանդես էին եկել նաեւ Նորայր Հախոյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որոնք մեդալ չեն նվաճել: Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չէր ներկայացել բրոնզե մեդալի համար գոտեմարտին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում