16:52  ,  30 հոկտեմբերի, 2018

Փաշիկ Ալավերդյան. Աշխարհի առաջնությունից դատարկաձեռն հետ չենք գա

Աշխարհի առաջնությունից դատարկաձեռն հետ չենք գա: Սպասելիքներով ենք մեկնում Թուրքմենստան: Մեր մարզիկները վերջին մրցաշարում ապացուցեցին, որ գտնվում են լավ մարզավիճակում եւ պատրաստ են այս մեկ տարվա դադարից հետո դուրս գալ աշխարհի առաջնության մրցահարթակ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկամյա որակազրկումից հետո կրկին դուրս կգա աշխարհի առաջնության մրցահարթակ, որը կայանալու է նոյեմբերի 3-10-ը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում:

Հիշեցնենք, որ 2017 թվականին սեպտեմբերի 30-ին ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) Բուխարեստում տեղի ունեցած նիստում որոշել էր դոպինգային խախտումների համար որակազրկել մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի հավաքականին: Իսկ 2018 թվականի հունիսի 12-ին Հայաստանի հավաքականների որակազրկումը կասեցվեց:

Աշգաբադում կայանալիք աշխարհի առաջնությանը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Փաշիկ Ալավերդյանն արդեն հրապարակել է աշխարհի առաջնության կազմերը:  Տղամարդկանց կազմում հանդես կգան Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) եւ Գոռ Մինասյանը (+109 կգ): Կանանց թիմի կազմում ընդգրկվել են Իզաբելա Յայլյանը (59 կգ), Լիանա Գյուրջյանը (71 կգ) Տաթեւ Հակոբյանը (81կգ), եւ Արփինե Դալալյանը (+ 87 կգ): 

Ի դեպ,  ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նոր կանոնների համաձայն 2008-2020 թվականներին բազմաթիվ դոպինգային խախտումներ ունեցած հինգ երկրների 2020թ. Օլիմպիական խաղերում կտրվի միայն երկուական ուղեգիր նվաճելու հնարավորություն: Այդ երկրներներն են Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը եւ Բելառուսը: Մինչեւ 2020թ. ապրիլ հակադոպինգային կանոնադրության նոր խախտումների դեպքում, այս երկրներն ընդհանրապես կզրկվեն օլիմպիական ուղեգրերից:

Պարոն Ալավերդյան, Ձեր գլխավորած թիմն օրերս վերադարձավ Լեհաստանում կայացած երիտասարդների Եվրոպայի առաջնությունից 4 ոսկե, 5 արծաթե ու 2 բրոնզե մեդալներով: Ձեր գնահատականը:

Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ընդհանուր հաշվով 34 մեդալ նվաճեցինք՝ 13 ոսկի, 11 արծաթ եւ 10 բրոնզ: Չնայած թիմերը մեկ տարի որակազրկված էին, բայց այս ընթացքում մեր մարզումները չեն դադարել եւ որակազրկման կասեցումից հետո ծանրորդները փայլուն են հանդես գալիս: Այս ընթացքում մենք մասնակցեցինք երիտասարդների աշխարհի առաջնությանը, որտեղ 3 մասնակից ունեինք, 3-ն էլ մրցանակակիր, Եվրոպայի պատանեկան առաջնությունից վերադարձանք 31 մեդալով, նաեւ պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի միակ ոսկե մեդալը մեր ծանրորդը նվաճեց: Երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմի հերթական լավ մասնակցությունն էր: Արդյունքները գոհացնող են: Բայց առջեւում ամենակարեւոր ստուգատեսն է՝ աշխարհի առաջնությունը, պետք է ամբողջ ուժերը կենտրոնացնել աշխարհի առաջնության վրա:

Ինչպիսի՞ն է ծանրորդների մարզավիճակը:

Եվրոպայի երիտասարդական առաջնությունը մեզ համար ավելի շատ փորձամրցում էր աշխարհի առաջնության համար: Ես հայտարարել էի, որ աշխարհի առաջնություն կմեկնի նա, ով հաղթող կդառնա այս մրցմանը: Թե ինչ մարզավիճակում են մեր տղաները, ցույց տվեց Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցահարթակը: Այն, թե ճիշտ էր արդյոք ծանրորդներին աշխարհի առաջնությունից առաջ մրցահարթակ դուրս բերելը, այս պահին մեզ այս մեկնարկներն ուղղակի անհրաժեշտ էին: Որակազրկումից հետո մեկ տարի մեր առաջատարները՝ մեծահասակները, մեկնարկի դուրս չէին եկել: Այդ պատճառով շատ պետք էր, որ տղաները մինչեւ աշխարհի առաջնություն մեկ անգամ մրցահարթակ դուրս գային, որպեսզի աշխարհի առաջնությունում սխալներ թույլ չտային: Դժվար է, երբ մեկ տարի ոչինչ չես անում եւ դադարից հետո առաջին մրցահարթակդ հենց աշխարհի առաջնությունն է լինում: Մասնավորապես այժմ քաշային կարգերում փոփոխություններ կան, նոր քաշային կարգերով ենք դուրս գալու մրցահարթակ, ինչն ավելի պատասխանատու է եւ վտանգավոր լավ արդյունքների համար: Այնպես որ Լեհաստանի մրցահարթակը փորձ էր աշխարհի առաջնությունից առաջ: 

Աշխարհի առաջնությունում, տղամարդկանց պայքարում Հայաստանը կներկայացնի 4 ծանրորդ: Ինչպե՞ս որոշվեց կազմը:

Խնդիրը դրված էր այնպես, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում լավագույն արդյունքները ցուցաբերած ծանրորդները հնարավորություն կստանան հանդես գալ աշխարհի առաջնությունում: Շեշտը դրված էր ըստ բարձրացրած կիլոգրամների: Գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը վնասվածք ունի եւ այժմ բուժվում է: Եթե վնասվածք չունենար, նրան նույնպես կընդգրկեինք թիմում:

Պարոն Ալավերդյան, աշխարհի առաջնությունն օլիմպիական վարկանիշային է...

Բայց այժմ ոչ թե թիմն է ստանալու օլիմպիական վարկանիշներ, այլ ծանրորդն անհատական: Հաշվի առնելով դա, աշխարհի առաջնության կազմում ընգրկրվել են այն ծանրորդները, որոնք բարձրացրած կիլոգրամները մոտ են աշխարհի առաջնության եւ օլիմպիական վարկանիշներ ձեռք բերելու համար պահանջվելիք կիլոգրամներին: Այս պահին այս չորս մարզիկներն են համապատասխանում միջազգայինի պահանջներին:

Օլիմպիական խաղերի ուղեգրերը կորոշվեն ըստ մի քանի վարկանիշային մրցաշարերի միավորների՝ այնպես, ինչպես օրինակ ձյուդոյում է: 5-6 վարկանիշային մրցաշարեր կան, որոնց արդյունքներով կգումարվեն իրար վարկանիշային միավորները եւ ըստ այդմ պարզ կլինի, թե Հայաստանը քանի քվոտա կունենա Օլիմպիական խաղերում: 4-ից ավել ուղեգիր չենք կարող ունենալ:

Այս կարգով օլիմպիական ուղեգիր նվաճելու նպատակն այն է, որ այս 6 մրցաշարերից յուրաքանչյուրից առաջ ծանրորդները 3 անգամ դոպինգ թեստ հանձնեն: Մինչեւ Օլիմպիական խաղեր ծանրորդները 24 անգամ պետք է դեռ դոպինգ թեստ հանձնեն:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով