15:17  ,  28 հոկտեմբերի, 2018

Դավիթ Թորոսյան. Նոր ֆեդերացիա բացողների մղումները, գործունեությունն ինձ համար ուղղակի ծիծաղելի է

Այն մարդիկ, ովքեր բացասական են տրամադրված մեր այս գործունեությանը, գործող ֆեդերացիային եւ ֆեդերացիայի նախագահին, մնալու են ռուսի ասած՝ «за бортом»:  Մենք զբաղվում ենք հայկական բռնցքամարտի զարգացմամբ եւ որեւէ մեկը չի կարող խանգարել մեզ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը:

Ավարտվել է բռնցքամարտի մեծահասակների Հայաստանի առաջնությունը: Հայտնի են Հայաստանի 2018 թվականի չեմպիոնները. տղամարդկանց պայքարում՝ Նորիկ Սուքիասյան (49 կգ), Արթուր Հովհաննիսյան (52 կգ), Էրիկ Պետրոսյան (56 կգ), Հրայր Շահվերդյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Գառիկ Պապիկյան (69 կգ), Արման Դարչինյան (75 կգ), Արտյոմ Գալստյան (81 կգ), Հենրիկ Սարգսյան (91 կգ), կանանց պայքարում՝ Սյուզաննա Շահնազարյան (48 կգ), Անուշ Գրիգորյան (51 կգ), Անի Հովսեփյան (64 կգ):

Հայաստանի առաջնության արդյունքներով կձեւավորվի նոր հավաքական եւ թիմը մրցաշրջանը կսկսի Ծաղկաձորում կայանալիք ուսումնամարզական հավաքով:

Հոկտեմբերի 22-27-ը Երեւանի «Դինամո» մարզահամալիրում կայացած բռնցամարտի Հայաստանի առաջնությունն, ըստ Հայաստանիի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարության, բարձր մակարդակով է անցկացվել: Առաջին անգամ հայկական բռնցքամարտի պատմության մեջ, Հայաստանի առաջնությունն ամբողջությամբ ցուցադրվել է ուղիղ հեռարձակմամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնությանը մասնակցեց 73 բռնցքամարտիկ. 2017 թվականի համեմատ՝ քիչ: Քանի որ, ըստ ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանի, այս շրջանում հայկական բռնցքամարտում ստեղծված պառակտման պատճառով, որոշ բռնցքամարտիկներ կաշառվել են Հայաստանի առաջնությանը չմասնակցելու համար: Մասնավորապես մատնանշվում է Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնության 91 կգ քաշային կարգի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանի անունը, ով ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի նախաձեռնությամբ մեկամսյա ուսումնամարզական հավաք անցավ ԱՄՆ-ում Հայաստանը ներկայացնող պորֆեսիոնալ բռնցքամարտիկների հետ: Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի խոսքով, ֆեդերացիան նախատեսում էր Նարեկ Մանասյանի ուժերը փորձել դեկտեմբերին Հայաստանում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում:

Պարոն Թորոսյան, Հայաստանի առաջնության արդյունքները, բռնցքամարտիկների ներուժը գոհացնո՞ւմ է Ձեզ:

Լավ բռնցքամարտիկներ ունենք, հեռանկարային  տղաներ աչքի ընկան այս առաջնությունում: Բայց դեռեւս որեւէ հստակ բան հնարավոր չէ ասել, քանի դեռ այս տղաները իրենց չեն դրսեւորել հավաքականում: Կլինեն հավաքներ, մարզումներ, աշխատանք, նոր դրանից հետո արդյունքները նրանց մասին կխոսեն: Հաջորդ տարի մեծ մրցումների ցանկ ունենք, նախաօլիմպիական տարի է, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններ կան: Մեզ ծանրագույն տարի է սպասվում: Ուժեղագույնները պետք է մտնեն այս ծանր լծի տակ եւ փորձենք հնարավորինս հաջող եւ հաղթանակներով տարի անցկացնել նախաօլիմպիական շրջանում:

Ովքեր աչքի ընկան Հայաստանի առաջնությունում: Նոր բացահայտումներ, անակնկալներ եղա՞ն

Լավ մենամարտեր տեսանք: Մի քանիսն աչքի ընկան երիտասարդներից: Պոտենցիալ ունենք: Ես աչքիս տակ ունեմ միայն շնորհալիներին ու տաղանդավորներին. ինձ համար խնամի-ծանոթ-բարեկամ հասկացություն չկա: Ես դա ապացուցեցի բոլորին, որ ինձ մոտ ծանոթով բռնցքամարտիկն առաջ չի գնում: Հնարավորություն կտրվի միայն այն բռնցքամարտիկներին, ովքեր իրենց արդյունքներով կապացուցեն, որ արժանի են: Որեւէ մեկն ինձ մոտ ծանոթով մրցման չի գնալու:

Հայաստանի առաջնության մասնակիցների քանակը նախորդ տարվա համեմատ քիչ էր: Մի խումբ մարզիկներ բոյկոտել էին առաջնությունը հայկական բռնցքամարտում ստեղծված իրավիճակի պատճառով: Այս փաստը Ձեզ չի անհանգստացնո՞ւմ:

Թերեւս ոչ այդքան. դա մարզիկի անձնական ցանկությունն է, որոշումն է: Ով չի մասնակցել, նա բաց կթողնի հետագա պայքարը, Եվրոպայի, աշխարհի առաջնություններին մասնակցելու հնարավորությունը: Տեղյակ եմ, որ Հայաստանի այս տարվա առաջնությունը մի քանի բռնցքամնարտիկներ բաց թողեցին ոմանց ճնշման ներքո: Կարծում եմ՝ ֆեդերացիան իր դիրքորոշումը հստակ կներկայացնի տվյալ մարզիկների առնչությամբ, իսկ իմ տեսակետն այս հարցի շուրջ այն է, որ պետք է սպորտում մնալ անկախ, այնպես, ինչպես ես եմ: Ի՞նչ է նշանակում չմասնակցել երկրի առաջնությանը: Իրենք ժողովրդի լեզվով ասած՝ «չլած» տեղից խնդիրներ են ստեղծում: Եվ ո՞վ է մեղավոր. միայն մարզիկը: Գործող, մարզվող մարզիկը ինչո՞ւ պետք է առնչվի հարաբերությունների ճշտմանը:

Ի դեպ, ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը ստեղծված իրավիճակին: Կրքերը, կարծես, չեն հանդարտվում:

Ծիծաղելի է այս վիճակը, միեւնույն ժամանակ՝ տխուր: Մենք ունենք ֆեդերացիա, ֆեդերացիայի արդար ընտրություններով ընտրվել է նախագահ, ապա նորից վերընտրվել է նախագահի պաշտոնում, բայց ոմանք անհասկանալի գործողություններ են սկսել իրականացնել: Որեւէ կերպ չեմ հասկանում բողոքողների այդ խմբի գործունեությունը: Մենք ցանկանում ենք հայկական բռնցքամարտը զարգացնել, թույլ տվեք զբաղվենք մեր աշխատանքով: Ազգային ֆեդերացիա են ստեղծել, վաղն էլ երեւի համազգային ֆեդերացիա կստեղծեն կամ համահայկական... Կա ֆեդերացիա, ֆեդերացիայի նախագահ, մարզիչներն աշխատում են, արդյունքներ ենք տալիս. էլ ինչի մասին է խոսքը... Նախորդ ֆեդերացիան 10 տարի արդյունք չէր տալիս: Մենք Եվրոպայի չեմպիոն, աշխարհի մրցանակակիր ունեցանք, երիտասարդները, պատանիներն արդյունքներ են ցույց տալիս, սկսել է քայլել պրոֆեսիոնալ բռնցքամարտը: Հաջորդ տարի սիրողականներն ու պրոֆեսիոնալները խառն են մասնակցելու օլիմպիական վարկանիշային մրցումներին, քանի որ ԱԻԲԱ-ն արդեն թույլ է տալիս:

Բազմիցս հորդորել եմ բողոքողներին, որ իրենց անձնական խնդիրներն ու հարցերը պարզեն իրենց տներում, հանգիստ թողնեն բռնցքամարտը, մարզիկներին եւ թույլ տան՝ այդ երեխաները մասնակցեն իրենց ընթացակարգային մրցումներին: Բայց տեսնում եմ, որ շատ բռնցքամարտիկներ չեն մասնակցում: Ու այդ մարզիկների թվում, ցավոք, այնպիսններն են, որոնց հետ կապված ֆեդերացիան մեծ հույսեր էր կապում: Հետաքրքիրն այն է, որ բռնցքամարտիկների միջեւ եւ, առհասարակ, մարզիչների միջեւ լարված մթնոլորտ չկա. միմյանց հանդիպելիս, բարեւում են, ողջագուրվում, սիրով, ջերմ: Բայց հայտնվել են մի քանիսը, ավելի կոնկրետ երկուսը, որոնք դիրքերը փոխել են, մտածում են վատ մթնոլորտ առաջացնեն մեր մեծ ընտանիքում: Եվ վատն այն է, որ կարողանում են մի խմբի էլ իրենց հետեւից տանել:

Մի քանի մարզիկի հետ անձամբ հանդիպել եմ, զրուցել: Մեկն ասում է՝ «պարոն Թորոսյան, դե մարզիչս իմ ղեկավարն է, գնում է այնտեղ, ի՞նչ կարող եմ ես անել, ես էլ նրա հետեւից գնում եմ»: Հարցնում եմ՝ ակնկալիք չունե՞ս քո վաղվա արդյունքից, քո մարզական կարիերայի ապագայից: Պատասխանում է՝ «Դե, այլ ելք չունեմ: Կուզեմ Ձեզ հետ լինել, բայց նա էլ իմ ղեկավարն է»: Պետք չէ Թորոսյանի հետ լինել, այլ բռնցքամարտի հետ է պետք լինել: Այդ նոր ֆեդերացիա բացողների մղումները, գործունեությունն ինձ համար ուղղակի ծիծաղելի է:

Ո՞ր բռնցքամարտիկի համար եք ափսոսում:

Կառանձնացնեմ Նարեկ Մանասյանին, եւս մեկ մարզիկ կա: Օրինակ, Նարեկ Մանասյանը վերջին շրջանում շատ լավ փորձ ձեռք բերեց թիմում: Մեկ ամիս ուսումնամարզական հավաք անցավ ԱՄՆ-ում ֆեդերացիայի նախագահի անձնական միջոցներով, լավ սփարինգներ ունեցավ, մեծ փորձ ձեռք բերեց: Դեկտեմբերին Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է պորֆեսիոնալ բռնցքամարտի մեծ շոու: Նպատակ ունեինք Նարեկ Մանասյանին եւս փորձել պրոֆեսիոնալ ռինգում: Բայց, փաստացի, բռնցքամարտիկն անհասկանալի վիճակների մեջ է. մենք էլ չգիտենք՝ ինչ ասենք նրա այս պահվածքի համար: Ամեն դեպքում, սա իր անձնական որոշումն է: Լավագույն մարզիկն էլ դուրս մնա պայքարից, բռնի այլ ճանապարհ, միեւնույն է, հայկական բռնցքամարտը աճել է, աճում է եւ դեռ աճելու է: Ոչ ոք չի կարող խոչընդոտել մեր աշխատանքին, հայկական բռնցքամարտի զարգացմանը:  

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով