10:21  ,  28 հոկտեմբերի, 2018

Հ. Սերոբյանը՝ Դոհայից. Առաջին անգամ Հայաստանի 3 մարմնամարզիկ դուրս է գալիս ԱԱ-ի եզրափակիչ

Առաջին անգամ սպորտային մարմնամարզության պատմության մեջ Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս է գալիս եզրափակիչ: Այս արդյունքն ինձ շատ է գոհացնում: Սպասում ենք եզրափակիչին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Քաթարի մայրաքաղաք Դոհայից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Հայաստանն աշխարհի առաջնությանը ներկայացել է թիմային կազմով՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Արթուր Թովմասյան, Վահագն Դավթյան եւ Վիգեն Խաչատրյան: Ավարտվել է որակավորման փուլը: Հայաստանի 3 ներկայացուցիչներ անցել են եզրափակիչ փուլ եւ կպայքարեն մեդալների համար: Հակոբ Սերոբյանը մրցավարական կազմում է:

«Արթուր Թովմասյանը օղակների վարժությունում վաստակեց 14.866 միավոր եւ 3-րդ տեղի արդյունքով նվաճեց եզրափակիչի ուղեգիր: Վահագն Դավթյանը հավաքեց 14.666 միավոր: Նա եզրափակիչ անցավ 5-րդ արդյունքով: Հենացատկում փայլուն հանդես եկավ Արթուր Դավթյանը, որը հավաքեց 14.75 միավոր եւ 3-րդ տեղի արդյունքով մտավ եզրափակիչ:

Ընդհանուր արդյունքից շատ գոհ եմ: Տղաները լավ հանդես եկան, իրենց առջեւ դրած խնդիրը լավ կատարեցին: Այս արդյունքները մեր սպասվածից բարձր են:

Մեր առաջատարը՝ Հարություն Մերդինյանը, ցավոք, դուրս մնաց պայքարից, որակավորման փուլը չկարողացավ հաղթահարել, վերջին պտույտի ժամանակ ընկավ գործիքի վրայից: Հարությունը շատ լավ հնարավորություններ ուներ անցնելու նժույգ թափերի երզափակիչ, բայց չստացվեց: Ամեն դեպքում նրա մրցելույթից եւս գոհ եմ: Ինձ թիմում միայն չգոհացրեց Վիգեն Խաչատրյանը: Մենք աշխարհի առաջնությանը մասնակցում ենք թիմով: Վիգեն Խաչատրյանին բերել էինք թիմին օգտակար լինելու համար: Բայց նրանից դժգոհ եմ, քանի որ օգուտ չտվեց թիմին: Նժույգի վարժությունում ընկավ գործիքի վրայից: Չնայած, նշեմ, որ այս աշխարհի առաջնությունում գրեթե բոլորն են նժույգի վարժությունը կատարելիս ընկնում:

Ինչ վերաբերում է մրցավարությանը, ըստ մեր վաստակած միավորների, կարող եմ ասել, որ նորմալ մրցավարություն է, արդար են դատում, մեր մարզիկների նկատմամբ լավ տրամադրվածություն կա, որեւէ կողմնակալ վերաբերմունք չկա: Ինչ միավորների արժանի էինք, այն էլ ստացել ենք:  Հայաստանն այս աշխարհի առաջնությունում ունի երկու մրցավար, քանի որ թիմով ենք հանդես եկել. ինձ հետ մրցավարական կազմում է նաեւ Արթուր Գյուրջինյանը»,- ասաց Հակոբ Սերոբյանը::

Եզրափակիչները կայանալու են նոյեմբերի 2-ին՝ օղակներ եւ նոյեմբերի 3-ին՝ հենացատկ

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով