22:08  ,  26 հոկտեմբերի, 2018

Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

2017թ. աշխարհի ու 2018թ. Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) Հայաստանի թիմին առաջին մեդալը պարգեւեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մանուկյանը 4:1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2011թ. աշխարհի չեմպիոն, իրանցի Սաիդ Աբդվալիի նկատմամբ: Հայ ըմբիշը հաղթական հնարքը կատարեց գոտեմարտի ավարտից 50 վայրկյան առաջ, երբ հաշիվը 1:1 էր: 

Մաքսիմ Մանուկյանը պայքարը սկսել էր նախօրեին, երբ 2 հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակիչում անակնալ պարտություն էր կրել Թուրքիայի ներկայացուցիչ Էմրա Քուշից: Քանի որ թուրք ըմբիշը նվաճել է եզրափակիչի ուղեգիր, Մաքսիմը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Միակ սփոփիչ գոտեմարտում Մանուկյանը հոկտեմբերի 26-ին 4:2 հաշվով հաղթել էր վենեսուելացի Լուիս Ռոխասին:

Հոկտեմբերի 26-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ էր անցկացրել նաեւ Նորայր Հախոյանը (55 կգ), որը 0:4 հաշվով պարտվեց թուրք Էրկեմ Օզտուրկին:

Նշենք, որ մեդալային գոտեմարտերը Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) պաշտոնական ալիքի համար Բուդապեշտից մեկնաբանում էր Լոնդոն-2012 օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը:

Հիշեցնենք, որ այսօր պայքարի մեջ մտած եւ հաղթանակով մեկնարկելուց հետո 1/8 եզրափակիչում պարտություն կրած Արթուր Շահինյանը (87 կգ) հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Հոկտեմբերի 27-ին Շահինյանը առաջին սփոփիչ գոտեմարտում կմրցի լիտվացի Էիվիդաս Ստանկեւիչուսի հետ:

Հոկտեմբերի 26-ին պայքարը սկսած Հայաստանի մյուս 2 ներկայացուցիչներ Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) եւ Կարեն Ասլանյանը (67 կգ) լքել են պայքարը, քանի որ նրանց հաղթած ըմբիշները չկարողացան դուրս գալ եզրափակիչ:

Գեւորգ Ղարիբյանը 1/8 եզրափակիչում պարտություն էր կրել Հյուսիսային Կորեան ներկայացնող Սի Ուն Ռիից՝ 1:5: Ղարիբյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել պանամացի Անդրես Գոնսալես Անդրադեի նկատմամբ:

2018թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը որակավորման փուլում պարտվել էր ադրբեջանցի Կամրան Մամադովին (2:2):

Հոկտեմբերի 25-ին հանդես էր եկել նաեւ Սլավիկ Գալստյանը (63 կգ), որը հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էր կրել եւ լքել պայքարը:

Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը մեկնել են նաեւ Կարապետ Չալյանը (77 կգ) եւ Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն հոկտեմբերի 27-ին:

Արթուր Ալեքսանյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոզ Կաքելաշվիլու հետ: Հաղթանակի դեպքում գյումրեցի ըմբիշը 1/8 եզրափակիչում կհանդիպի Ֆելիքս Բալդաուդ (Նորվեգիա) – Դանիել Գաստլ (Ավստրիա) զույգի հաղթողի հետ:

Կարապետ Չալյանը եւս կմեկնարկի 1/16 եզրափակիչից՝ ուժերը չափելով Լոնդոն-2012 օլիմպիական չեմպիոն, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի 2013թ. չեմպիոն, հարավկորեացի Կիմ Հյոն Ուի հետ: Այդ զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի կամ խորվաթ Բոզո Ստարցեվիչի, կամ գերմանացի Պասկալ Էիսելեի հետ:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեդալ չէր նվաճել Բուդապեշտում: Հայաստանի թիմի կազմում հանդես էին եկել Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Վալտեր Մարգարյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ): Սաֆարյանը եւ Գրիգորյանը 2 հաղթանակներից հետո պարտություն էին կրել քառորդ եզրափակիչում, իսկ մյուսները պարտել էին մեկնարկում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում