19:40  ,  23 հոկտեմբերի, 2018

Արթուր Գեւորգյան. Փողով շահագրգռել են, կաշառք առաջարկել, որպեսզի մարզիկները Հայաստանի առաջնությանը չմասնակցեն (ֆոտո)

Հայաստանի առաջնությանը որոշ մարզիկներ չեն մասնակցում ոմանց ճնշումների եւ գումարով կաշառվելու պատճառով: Օրինակ, Նարեկ Մանասյանին ամսական 500 դոլար գումար են խոստացել, Հայաստանի առաջնությանը չմասնակցելու համար: Նա այն մարզիկ է, որի վրա ոչ միայն ֆեդերացիան է մեծ գումարներ ծախսել, այլեւ ես, իմ սեփական միջոցներից:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը:

Երեւանի «Դինամո» մարզահամալիրում մեկնարկել է բռնցքամարտի մեծահասակների Հայաստանի առաջնությունը: Մասնակցում է 73 մարզիկ. 2017 թվականի Հայաստանի առաջնության համեմատ ավելի քիչ: ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանի եւ ֆեդերացիայի մարզչական շտաբի պնդմամբ, մարզիկներից մի քանիսին ֆեդերացիայի դեմ դուրս եկած նորաստեղծ Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիան գումար է առաջարկել ՀՀ առաջնությունը բոյկոտելու համար:

Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան երկու քաշային կարգերի ներկայացուցիչները՝ 60կգ եւ 69 կգ:

«Ունենք շուրջ 70 մասնակից: Հաշվի առնելով, որ սա մեծահասակների առաջնություն է, մասնակցությունը նորմալ է: Հայաստանում բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը երբեք իր քանակով աչքի չի ընկել: Այս առանությանը մասնակցում է լավագույնների ընտրանին: Առաջնության արդյունքներով կձեւավորվի Հայաստանի հավաքական: Թե ինչ պատկեր ունենք, պարզ կլինի մրցաշարից հետո: Արդեն հասցրեցի մի քանի մենամարտեր դիտել, աչքի ընկնող տղաներ կան: Զգացվում է, որ այս տղաները պայքարում են ազգային հավաքականում իրենց ուրույն տեղը զբաղեցնելու համար: Նոր հավաքական ձեւավորելուց հետո կսկսենք նախաօլիմպիական շրջանը: Նշեմ, որ օլիմպիական ուղեգրերի համար պայքարելու են նաեւ մեր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները, բայց Հայաստանի առաջնությանն այսօր չեն մասնակցում: Պրոֆեսիոնալներն առանձին օլիմպիական վարկանիշային մրցաշար կունենան: Եթե մի քաշային կարգում օլիմպիական ուղեգրի համար պայքարում հավակնեն եւ սիրողականի եւ պրոֆեսիոնալի ներկայացուցիչները, Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն կտանք սիրողական բռնցքամարտիկին: Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու ենք ոչ թե որքան հնարավոր է շատ ուղեգիր նվաճելու ուղղությամբ, այլ այդ ուղեգրերը օլիմպիական մեդալներ վերածելու: Փորձը մեզ ցույց տվեց, որ մեր տղաները գերխնդիր դարձնում են օլիմպիական ուղեգիր նվաճելը, իսկ դրանից հետո հանձնվում են. նրանց պատում է օլիմպիական լինելու փառքը: Թող թեկուզ մեկ ուղեգիր ունենանք, թող այն նվաճի մեր առաջատարը՝ Հովհաննես Բաչկովը եւ օլիմպիական մեդալ նվաճի: Նա ունի բոլոր հնարավորությունները այս Խաղերում մեդալ նվաճելու»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

Հոկտեմբերի 19-ին Երեւանում կայացած բռնցքամարտի նորաստեղծ հայկական ազգային ֆեդերացիայի հերթական ժողովում ֆեդերացիայի անդամ Ռաֆայել Մեհրաբյանը հայտարարել է, թե  գործող բռնցքամարտիկների մեծամասնությունը բոյկոտում է ՀՀ առաջնությունը եւ ստորագրահավաք է անցկացվել, որ շատերը չեն ցանկանում մասնակցել: Ըստ Արթուր Գեւորգյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:

«Այստեղ ավելի ռիսկային գործոն կա. մարդկանց, բռնցքամարտիկներին փողով շահագրգռել են, կաշառք առաջարկել,  որպեսզի Հայաստանի առաջնությանը չմասնակցեն: Սա չի կարող անհետեւանք մնալ: Աբովյանից չի մասնակցել Նարեկ Մանասյանը: Այս մարզիկի հետ կապված մեր ֆեդերացիան բացառիկ ներդրում ունի: Բացի պետական միջոցներից, ես նաեւ իմ անձնական միջոցներն եմ օգտագործել նրան լավագույն մարզիկ պատրաստելու համար: Նրա անձնական ցանկությունն է՝ մասնակցել, թե ոչ: Բայց նա կզրկվի հավաքական կազմում լինելուց, Եվրոպայի, աշխարհի առաջնությունում հանդես գալուց, արդեն նաեւ Օլիմպիական խաղերի համար պայքարելու հնարավորությունից»,- նշեց Արթուր Գեւորգյանը:

ՀԲՖ նախագահը կրկին անդրադարձավ հայկական բռնցքամարտում ստեղծված խնդրին, հայտարարելով, որ ինքն այլեւս ոչինչ չի ձեռնարկելու. Ֆեդերացիան շարունակելու է աշխատել իր բնականոն հունով: Իսկ թե հակամարտող մյուս կողմն ինչ քայլեր կձեռնարկի, այլեւս Արթուր Գեւորգյանը չի ցանկանում արձագանքել, քանի որ ըստ նրա, հակամարտությունը ֆեյսբուքյան ստատուսների շրջանակներից դուրս չի գալիս:

«Ստեղծել են նոր ֆեդերացիա: Այս ֆեդերացիայի անդամները գնում են այն ճանապարհով, որն իրենց թելադրում են, այնպես ինչպես իրենց հրահրողը՝ ՀԱՕԿ նախագահը հայտարարեց, որ կբացեն նոր ֆեդերացիա ու բացեցին: Բացվել եք, լավ եք արել, ճանաչել են, դե աշխատեք... Էլ ինչի են բողոքում, ինչից են բողոքում, իրենց ֆեդերացիան ունեն, մեր ֆեդերացիայից ինչու են բողոքում:

ՀԲՖ նախագահի նոր ընտրություն անցկացնելու առաջարկի մասին Արթուր Գեւորգյանն ասաց.

«Սա առաջարկ չէ: Սա նախարարության ցանկությունն է: Նախարարն այս հայտարարությունն անելուց առաջ նախ պետք է տիրապետի օրենքին, իմանա՝ օրենսդրորեն հնարավոր է, թե ոչ, նոր հայտարարի: Ես այս ամիսների ընթացքում բազմիցս խոսեցի, հուշեցի ճանապարհը, թե օրինականորեն ինչպես է կարելի հասնել նոր արտահերթ ընտրության. Բողոքող կողմը պետք է դիմի դատարան, բողոքարկի, դատարանը 60 օրում որոշում կայացնի, որ ընտրություններն անարդար են եղել եւ կարիք կա նոր ընտրության: Միակ ճանապարհը սա էր: Սպորտի նախարարը հայտարարում է, որ իրենք որեւէ կապ չունեն, բայց փաստացի նախարարը այս հարցում հենց երկրորդ կողմն է, երրորդ կողմ գոյություն չունի, Օլիմպիական կոմիտեն առհասարակ չի պատասխանում ոչնչին, բայց ամեն ինչ պարզ է, որ սա ՀԱՕԿ-ի գծած քարտեզն է: ԱԻԲԱ-ն ճանաչում է մեր ֆեդերացիան, ընդունել է իմ թեկնածությունը ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, ընդունել է ընտրության արդյունքները եւ հաստատել նախագահի պաշտոնում իմ ընտրվելը: Ի դեպ, օրերս, Հայաստանում էին ԱԻԲԱ-ի ներկայացուցիչներ՝ եվրոպական 12 երկրների ֆեդերացիաների նախագահներ, ԱԻԲԱ-ի, ինչպես նաեւ Եվրոպական գլխամասի անդամներ: ԱԻԲԱ-ի հիմնական ընտրություններից առաջ կարծիքներով փոխանակվեցինք, բանավիճեցինք, զրուցեցին եւ լավ ժամանակ անցկացրեցինք»,- ասաց Արթուր Գեւորգյանը:  

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում