10:14  ,  23 հոկտեմբերի, 2018

Գվարդիոլա. «Մանչեսթեր Սիթին» դեռ պատրաստ չէ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը

«Մանչեսթեր Սիթին» դեռ պատրաստ չէ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, հայտարարել է անգլիական ակումբի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Ուկրաինայում Դոնեցկի «Շախտյորի» դեմ երրորդ տուրի հանդիպումից առաջ:

«Դե Բրույնեն, Ուոքերը, Մենդին թիմի հետ են եւ պատրաստ են: Ես գոհ եմ մեր թիմի մեկնարկից Պրեմյեր լիգայում եւ Չեմպիոնների լիգայում: Խաղացողները մոտիվացված են, մենք էլ ամեն օր մարզումների ժամանակ հետեւում ենք նրանց եւ հետեւություններ անում: «Լիոնից» կրած պարտությունից (1:2) հետո խաղացողներին ասացի, որ պետք է դասեր քաղենք եւ սովորենք, կարող եք մտածել, որ ամեն ինչի հասել եք, աստղեր եք, հաղթել եք Պրեմյեր լիգայում, բայց այդ ամենը շատ հեշտ է կորցնել, պարտվել:

Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու համար միայն ցանկությունը քիչ է: Իմ զգացողությունն է, որ դեռ պատրաստ չենք: Անհրաժեշտ է փորձ, որոշակի իրադարձություններ, համատեղ գործողություններ, երկրպագուներ, մամուլի, նախագահի, խաղացողների ցանկությունը: Ամեն ինչ պետք է համատեղվի: Մենք լավն ենք, բայց դեռ պատրաստ չենք: Չեմպիոնների լիգան շատ լուրջ մրցում է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Շախտյոր Դոնեցկ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում