00:51  ,  23 հոկտեմբերի, 2018

«Արսենալը» 7-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Պրեմյեր լիգայում (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ տուրի վերջին խաղում Լոնդոնի «Արսենալն» ընդունեց «Լեսթերին» եւ կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով: Ունաի Էմերիի գլխավորած թիմը 7-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Պրեմյեր լիգայում (տեսանյութ):

Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել էր «Արսենալի» մեկնարկային կազմում:

Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում եւ ավարտվեց 1:1 հաշվով: Հաշիվը 31-րդ րոպեին բացեց «Լեսթերը», որի գրոհի ժամանակ ինքնագոլի հեղինակ դարձավ «Արսենալի» իսպանացի պաշտպան Հեկտոր Բելերինը: Դաշտի տերերն ակտիվացան խաղակեսի վերջնամասում եւ կարողացան հավասարեցնել հաշիվը մինչեւ ընդմիջում: 45-րդ րոպեին աչքի ընկավ գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը:

Երկրորդ խաղակեսում «Արսենալն» ուներ նկատելի առավելություն, որը կարողացավ վերածել գոլերի: 61-րդ րոպեին Ունաի Էմերին կատարեց կրկնակի փոխարինում՝ դաշտից հեռացնելով նաեւ Հենրիխ Մխիթարյանը: Փոխարինման դուրս եկած գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը դաշտ մտնելուց 3 րոպե անց առաջ մղեց դաշտի տերերին, իսկ 3 րոպե հետո նաեւ դարձավ դուբլի հեղինակ: Խաղի մնացած ժամանակահատվածում լոնդոնյան ակումբն առանց դժվարության պահպանեց հաղթական հաշիվը:

Բոլոր մրցաշարերում լոնդոնյան ակումբը տարավ 10-րդ անընդմեջ հաղթանակը: Նախորդ անգամ նման բան եղել էր 2007 թվականին:

Այս հաղթանակից հետո «Արսենալը» հավաքեց 21 միավոր ու «Չելսիի» եւ «Տոտենհեմի» հետ բաժանում է 4-6-րդ տեղերը: Առաջատարներ «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլն» ունեն 23-ական միավոր:

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Արսենալ» - «Լեսթեր»՝ 3:1

Մեսութ Օզիլ, 45, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 63, 66 – Հեկտոր Բելերին, 31 (ինքնագոլ)

«Արսենալ». Բերնդ Լենո, Հեկտոր Բելերին, Շկոդրան Մուստաֆի, Ռոբ Հոլդինգ, Շտեֆան Լիխշտայներ (Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 61), Լուկաս Տորեյրա, Գրանիտ Ջակա, Մեսութ Օզիլ (Աարոն Ռեմզի, 80), Հենրիխ Մխիթարյան (Մատեո Գենդուզի, 61), Ալեքս Իվոբի, Ալեքսանդր Լյակազեթ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով