19:06  ,  22 հոկտեմբերի, 2018

Ալեքսանդր Գրիգորյան. Հիմա Մասիմո Կարերան կարող է աշխատել Սալվատորե Բոկետիի պիցերիայում

Մոսկվայի ԲԿՄԱ-ի կանանց թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն անդրադարձել է «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մասիմո Կարերայի հեռացմանը: Ավելի վաղ իտալացի մասնագետը կատակելով հայտարարել էր, որ ռուսական ակումբից հեռանալուց հետո կաշխատի «Սպարտակի» իտալացի պաշտպան Սալվատորե Բոկետիի պիցերիայում:

«Կարերային կարելի է շնորհակալություն հայտնել չեմպիոնության համար: Երբեք չի կարելի մոռանալ այն, ինչ նա արել է «Սպարտակի» համար: Սակայն մարզչական աշխատանքն այդպիսին է, որ ստիպված ես ապրել այսօրվա իրականությամբ: Թիմը չեմպիոն չէր դարձել 16 տարի, իսկ նրա հետ նվաճեց տիտղոս: Հիմա, ինչպես ասում էր Կարերան, նա կարող է աշխատել Սալվատորե Բոկետիի պիցերիայում:

Ակնհայտ է, որ այդ քայլն արվեց ժամանակին: «Սպարտակի» խաղը փակուղի է մտել, թիմը չգիտի ինչ անել հարձակման գծում, եւ դա զարմանալի է: Եթե ինչ-որ մեկն առաջին անգամ դիտի «Սպարտակի» խաղը, ապա կմտածի, որ այդ թիմը մեկ շաբաթ առաջ են հավաքել»,- հայ մասնագետի խոսքը մեջբերում է «Р-Спорт»-ը:

Հիշեցնենք, որ իտալացի 54-ամյա մասնագետը 2016-ի ամռանն էր գլխավորել մոսկովյան ակումբը, որի հետ 2016/17 մրցաշրջանում դարձավ Ռուսաստանի չեմպիոն, այնուհետեւ նվաճեց երկրի Սուպերգավաթը:

Ռուսաստանի ընթացիկ առաջնության 11-րդ տուրից հետո «Սպարտակը» 18 միավորով 6-րդ տեղում է: Նախօրեին մոսկովյան ակումբը 2:3 հաշվով տնային պարտություն էր կրել Տուլայի «Արսենալից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում