11:30  ,  22 հոկտեմբերի, 2018

ԱԱ-2018. Դավիթ Սաֆարյանի ու Գեորգի Կետոեւի մրցակիցները, Միհրան Ջաբուրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 22-ին պայքարի մեջ կմտնեն Հայաստանը վերջին 2 ներկայացուցիչները:

2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 70 կգ քաշային կարգում պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կմրցի հունգարացի Նորբերտ Լուկաշի հետ:

Գեորգի Կետոեւը (97 կգ) եւս կմեկնարկի որակավորման փուլից՝ մրցելով ղազախ Մամեդ Իբրագիմովի հետ:

Նախօրեին պայքարի մեջ մտած ու մեկնարկային փուլում պարտություն կրած Միհրան Ջաբուրյանը (57 կգ) հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Ջաբուրյանին 10:0 հաշվով հաղթած ռուսաստանցի Զավուր Ուգուեւը դուրս է եկել եզրափակիչ: Առաջին սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը կհանդիպի կուբացի Անդրեու Օրտեգայի հետ:

Հիշեցնենք, որ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հանդես էին եկել նաեւ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը  (74 կգ) եւ Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), որոնք մեդալ չէին նվաճել: Գրիգորյանը 2 հաղթանակներից հետո պարտություն էր կրել քառորդ եզրափակիչում:

Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն Նորայր Հախոյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Հունահռոմեականների թիմը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 24-ին:

Մաքսիմ Մանուկյանը եւ Արթուր Ալեքսանյանը աշխարհի առաջնությանը կմեկնեն աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում