15:09  ,  20 հոկտեմբերի, 2018

Ռոման Բերեզովսկի. Վստահ էինք, որ Ջիբրալթարից կրած պարտությունից հետո երկրպագուները չեն գալու ստադիոն

Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմի դարպասապահների մարզիչ, ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում աշխատող Ռոման Բերեզովսկին անդրադարձել է ազգային թիմի նախորդ 2 խաղերին Ազգերի լիգայում:

«Ջիբրալթարի դեմ երեւանյան խաղից հետո համոզվեցի, որ ֆուտբոլում ցանկացած թիմ կարող է հաղթել ցանկացած մրցակցի: Միշտ մտածել եմ, որ եթե ամենապրոֆեսիոնալ ֆուտբոլիստը ոչ լիարժեք տրամադրվածությամբ խաղա, ապա խնդիրներ կունենա նույնիսկ բակային ֆուտբոլում: «Դինամոն» վերջերս այդպիսի փորձ ունեցավ «Անժիի» դեմ խաղում:  

Ջիբրալթարի դեմ խաղում ցլի կոտոշներից չբռնեցինք հենց մեկնարկից: Սակայն մեզ չէր լքում այն միտքը, որ գոլ չխփեցինք հիմա, կխփենք ավելի ուշ: Հետո 11 մետրանոց բերեցինք մեր դարպասին եւ պետք է շտկեինք իրավիճակը, իսկ ժամանակն անցնում էր, սկսվեց շտապողականություն եւ ոչինչ չստացվեց:

Ամեն բան շատ անսպասելի ստացվեց: Մեղավոր էի զգում, որ կարեւոր միավորներ կորցրեցինք Ազգերի լիգայում: Շատ էի անհանգստանում երկրպագուների համար, որոնք տեւական ընդմիջումից հետո լեփ-լեցուն տրիբունաներ էին ապահովել Երեւանում, կազմակերպված երկրպագում էին մեզ եւ ստացան այդպիսի բան: Վստահ էին, որ 3 օր անց մակեդոնացիների դեմ խաղալու ենք դատարկ տրիբունաներով ստադիոնում, սակայն երկրպագուները դարձյալ եկան, եւ մենք չէինք կարող շնորհակալություն չհայտնել նրանց: Ստացվեց մի փոքր մոռանալ տալ Ջիբրալթարից կրած պարտությունը եւ տղամարդկային պայքարում խոշոր հաշվով հաղթանակ տանել ոչ հեշտ մրցակցի դեմ խաղում»,- Հայաստանի հավաքականի լեգենդար դարասապահի խոսքը մեջբերում է sovsport.ru-ն:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում հոկտեմբերի 16-ին կայացած նախորդ խաղում Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով հաղթել էր մակեդոնացիներին, իսկ դրանից 3 օր առաջ նվազագույն հաշվով տնային պարտություն էր կրել Ջիբրալթարից:

Չորրորդ տուրից հետո հայկական թիմը 6 միավորով երկրորդն է D դիվիզիոնի չորրորդ խմբում: Խմբի առաջատար Մակեդոնիան ունի 9 միավոր: Ջիբրալթարն ունի 6 միավոր, իսկ Լիխտենշտեյնը՝ 3:

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերը կանցկացնի նոյեմբերի 16-ին ու 19-ին՝ հյուրընկալվելով Ջիբրալթարին ու Լիխտենշտեյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով