22:55  ,  19 հոկտեմբերի, 2018

Յուրգեն Կլոպ. Ազգերի լիգան լավ գաղափար է, սակայն ֆուտբոլի համար չէ

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պարզաբանել է նախկինում իր արտահայտած միտքը, որ ՈւԵՖԱ–ի Ազգերի լիգան «անիմաստ մրցաշար է»։

«Ես սիրում եմ մեծ մրցաշարերը, բայց երբեմն պետք է հետքայլ կատարել։ Ազգերի լիգան լավ գաղափար է, սակայն ֆուտբոլի համար չէ։ Ժամանակակից ֆուտբոլում այդպիսի նախաձեռնությունները չեն կարող տեղ ունենալ։ Ամեն մարզաձեւում՝ նույնիսկ, ամերիկյան ֆուտբոլում, կա խաղադադար։

Բոլորը ցանկանում են շատ մրցաշարեր անցկացնել, բայց երբեմն պետք է մտածել նաեւ խաղացողների մասին եւ համոզվել, որ նրանք դեռ կարող են լավ ֆուտբոլ ցուցադրել։ Բայց որեւէ մեկին այսպիսի մտքերը հետաքրքիր չեն»,– Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com–ը։

Անգլիայի առաջնության 9–րդ տուրում «Լիվերպուլը» հոկտեմբերի 20–ին կհյուրընկալվի «Հադերսֆիլդին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում