19:04  +04,  19 հոկտեմբերի, 2018

Բռնցքամարտի նորաստեղծ ֆեդերացիան պահանջում ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանի հրաժարականն ու նոր ընտրություն

Երեւանում կայացել է բռնցքամարտի նորաստեղծ հայկական ազգային ֆեդերացիայի հերթական ժողովը, որը գլխավորել են բռնցքամարտի ներկայացուցիչներ Արման Հարությունյանը, Վազգեն Բադալյանը, Ռաֆայել Մեհրաբյանը, սպորտի վարպետ, Եվրոպայի չեմպիոն Սամսոն Խաչատրյանը, Եվրոպայի չեմպիոն Հրաչիկ Ջավախյանը, աշխարհի փոխչեմպիոն Անդրանիկ Հակոբյան։ Ժողովին ներկա էր նաեւ նորաստեղծ ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։

Բռնցքամարտի ներկայացուցիչները նախ ներկայացրեցին հայկական բռնցքամարտում ստեղծված իրավիճակը։ Վազգեն Բադալյանը մասնավորապես անդրադարձավ գործող ֆեդերացիայի խախտումներին, որոնք ըստ նրա՝ իրականացրել է Արթուր Գեւորգյանի գլխավորած ֆեդերացիան։

Ֆեդերացիայի անդամները հայտարարեցին, որ ստեղծված իրավիճակում խիստ անհրաժեշտություն է նոր արտահերթ ընտրությունները։ Նորաստեղծ ֆեդերացիայի նախագահը նույնիսկ առաջարկեց ժողովի մասնակիցներին քվեարկել նոր նախագահի ընտրություն անցկացնելու անհրաժեշտության համար։ Քվերակությամբ միաձայն ընդունվեց որոշումը։

«Արթուր Գեւորգյանը շատ արագ պետք է հրաժարական տա եւ կազմակերպենք, անցկացնենք նոր նախագահի ընտրություններ։ Դնենք մեր թեկնածությունը, թող Արթուր Գեւորգյանն էլ դնի իր թեկնածությունը եւ արդար ընտրություններ անցկացնենք։ Ով էլ հաղթի այս ընտրություններում, թեկուզ Արթուր Գեւորգյանը հաղթի, ես հրապարակավ հայտարարում եմ, որ կլինեմ հայկական բռնցքամարտի կողքին, կրկնում եմ, եթե ես չհաղթեմ եւ չդառնամ ֆեդերացիայի նախագահ, ամեն ինչ կանեմ հայկական բռնցքամարտի զարգացման համար»,- ասել է Հովհաննես Հովսեփյանը։

Նորաստեղծ ֆեդերացիայի անդամ, կանանց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը խոսեց նաեւ գալիք Հայաստանի առաջնության մասին, որն ըստ Արթուր Գեւորգյանի գլխավորած ֆեդերացիայի՝ կայանալու է հոկտեմբերի 22-27-ը։

Մեհրաբյանի խոսքով, ըստ օրացուցային պլանի, Հայաստանի առաջնությունը նախատեսված էր անցկացնել նոյեմբերին։

«Անհասկանալի է, թե ինչու է Արթուր Գեւորգյանի գլխավորած ֆեդերացիան որոշել նոյեմբերից տեղափոխել հոկտեմբեր Հայաստանի առաջնությունը, ինչու են ուզում հիմա անցկացնել մրցումները։ Բացի այդ, ըստ մեր տեղեկությունների, բռնցքամարտիկները հրաժարվում են մասնակցել Հայաստանի առաջնությանը, բռնցքամարտում առաջացած այս խնդրի եւ անարդարությունների պատճառով։ Ցավալի է, որ մարզիկները չեն ուզում մասնակցել, նույնիսկ ստորագրահավաք են արել, որ չեն մասնակցելու։ Հայկական բռնցքամարտում առկա այս վատ մթնոլորտը եւ անարդարությունները պետք է շատ արագ լուծում ստանան Արթուր Գեւորգյանի հրաժարականով»,- նշել է Ռաֆայել Մեհրաբյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ