17:52  ,  19 հոկտեմբերի, 2018

Դավիթ Սաֆարյան. Շատ կուզեի մեկ անգամ եւս ապրել այն զգացողությունները, որ ունեցա 2013թ. աշխարհի առաջնությունում

Շատ կուզեի եւս մեկ անգամ կրկնել աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճումը, եւս մեկ անգամ ապրել այն զգացողությունները, որոնք ունեցա 2013 թվականին եւ եւս մեկ անգամ նախ ինքս ինձ, ապա նաեւ մյուսներին ապացուցել, որ կարող եմ: Գնում եմ դեպի Տոկիո-2020 Օլիմպիական խաղեր: Կպայքարեմ օլիմպիական ուղեգրի եւ օլիմպիական մեդալի համար: Իմ մարզական կարիերայում դեռ ոչինչ չի ավարտվել. ես դեռ անելիք ունեմ մրցագորգում:

Այս մասին NEWS.am Sport-ի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի 2013 թվականի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի հավաքականի 70 կգ քաշային կարգի ներկայացուցիչ Դավիթ Սաֆարյանը:

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը Ռիո-2016 Օլիմպիական խաղերում անհաջող մասնակցությունից հետո տեւական ժամանակ հեռացավ սպորտից: Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը հստակ մեկնաբանություններ չէր տալիս՝ Դավիթ Սաֆարյանը կվերադառնա՞, թե՞ ոչ: Դավիթ Սաֆարյանի վերադարձը շատ էր ուզում ազատ ոճի օլիմպիական փոխչեմպիոն, Հայաստանի ազգային հավաքականը 2017 թվականին 5 ամսով գլխավորած Արմեն Մկրտչյանը՝ հարցազրույցներում պարբերաբար նշելով, որ Դավիթ Սաֆարյանը բարձրակարգ ըմբիշ է, հեռախոսակապի մեջ են, սակայն դեռ պարզ չէ՝ աշխարհի չեմպիոնը կվերադառնա հավաքական, թե ոչ:

2018 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո հավաքականի նախկին անդամը կրկին միացավ թիմին, մասնակցեց մի շարք ուսումնամարզական հավաքների: Տեւական դադարից հետո առաջին փորձությունը եղավ Թբիլիսիի միջազգային մրցաշարը, ապա նաեւ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշար, որտեղ 70 կգ քաշայինների պայքարում նվաճեց արծաթե մեդալ:

Այսօր Դավիթ Սաֆարյանը կրկին հավաքականում է եւ 70 կգ քաշայինների պայքարում կներկայացնի Հայաստանը  հոկտեմբերի 20-28-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությունում:

Դավիթ, բազմիցս խոսվել է քո դադարի պատճառների մասին, սակայն շրջանառվում էին լուրեր, որ դու չես ցանկանում վերադառնալ մեծ սպորտ: Նախ, իրականում, ի՞նչը քեզ ստիպեց Օլիմպիական խաղերից հետո հեռանալ հավաքականից:

2013 թվականի աշխարհի առաջնությունից հետո արդեն ցանկություն ունեի որոշ դադար վերցնել: Այդ տարի ես ամեն ինչ նվիրել էի սպորտին: Հոգեպես եւ ֆիզիկապես շատ էի հոգնել: Բայց չէի կարող ուժերս չփորձել Օլիմպիական խաղերում: Ես շատ եմ կարեւորում մրցագորգ դուրս գալուց մարզիկի հոգեբանական պատրաստվածությունը: Թերեւս Օլիմպիական խաղերին մասնակցեցի ոչ լիարժեք հոգեբանորեն պատրաստ: Հոգնածությունս, վնասվածքներս արդեն այլ որոշում չէին թողել, քան սպորտից հեռանալը: Ինձ անհրաժեշտ էր ժամանակ նախ վնասվածքներս վերականգնելու, հոգնածությունս, լարվածությունս թուլացնելու եւ ուղղակի միառժամանակ սպորտից կտրվելու: Այդ ընթացքում ես բացարձակ չէի մարզվում, չէի հետաքրքրվում, կյանքս էի վայելում գորգից ու մարզադահլիճից դուրս։ Չէ որ ըմբշամարտից բացի կյանքը դրսում եւս եռում է: Ինձ այդ դադարը շատ օգնեց:

Բայց շրջանառվում էին լուրեր, որ չես ցանկանում վերադառնալ: Եղե՞լ է նման մտադրություն վերջնական ավարտել մարզիկի կարիերան:

Այդ մտքերը միշտ ամեն պահի, վայրկյանի մարզիկին հետապնդում են: Մեկը տրվում է այդ մտքերին, մյուսը կարողանում է պայքարել դրանց դեմ՝ հաղթելով ինքն իրեն ու նաեւ այդ մտքերին: Ինձ միշտ ամեն տարի, ամեն մարզումից, մրցումից հետո միշտ ուղեկցել են ամեն ինչ ավարտելու մտքերը, թե ինչիս է այս ամենը պետք: Հատկապես պարտություններից, ծանր վնասվածքներից հետո: Բայց որոշ ժամանակ անցել է եւ կրկին իմ մեջ ուժ եմ գտել եւ նոր ոգեւորությամբ նետվել առաջ: Ես հոգեպես հանգստացա հատկապես աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները նվաճելուց հետո: Մտածում էի, որ այսքան տարիներիս քրտնաջան աշխատանքից հետո գոնե ինչ-որ բան կթողնեմ սպորտում, հայկական սպորտում: Չէ որ ինձ նման շատերը նույնիսկ այդ հաղթանակներին չեն կարողանում հասնել նույնքան քրտնաջան աշխատելով:

Բայց երբ լիարժեք ապաքինվեցի, հանսգտացա, հասկացա, որ ես կրկին ուզում եմ գորգ դուրս գալ, կրկին պայքարելու ցանկությունը գլուխ է բարձրացրել ներսումս: Սա իմ այն մասնագիտությունն է, որը ես սիրով եմ անում եւ ինձ մոտ լավ է ստացվում: Բնականաբար, չես կարող ամբողջ կյանքդ նվիրել գորգին, մարզադահլիճից դուրս էլ կյանք կա ու այդ կյանքով էլ պետք է ապրես, գտնես քեզ:

Ամուսնացե՞լ ես:

Ոչ... Հենց դրա մասին է խոսքս: Պետք է դու էլ քո կյանքը կառուցես, ընտանիք ստեղծես: Երբ 20 տարեկան էի, մտածում էի, որ երբեք չեմ ամուսանա, համենայն դեպս դեռ երկար տարիներ չեմ ամուսնանա... Ինչիս է դա պետք: Մարզական կարիերան հավերժական չէ: Դա սկզբում է այդպես թվում: Բայց երբ մոտենում ես 30-ին, սկսում ես այլ կերպ ամեն ինչ դատել: Շատ ընկերներ ունեմ, որ ընտանիք, երեխաներ ունեն եւ շատ լավ համատեղում են սպորտն ու ընտանիքը: Վստահ եմ, որ ինձ մոտ էլ դա կստացվի: Չգիտեմ երբ, բայց արդեն ինքս ուզում եմ ընտանիք ստեղծել, երեխաներ ունենալ:

Դավիթ, ի՞նչ փոխվեց կյանքումդ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո:

Առանձնապես ոչինչ: Երբ դարձա աշխարհի չեմպիոն, բոլորի ուշադրության կենտրոնում էի: Շատ էր իմ անձի նկատմամբ հետաքրքրությունը, բոլորը խոսում էին այդ հաղթանակի մասին: Ժամանակի ընթացքում այդ ուշադրությունը նվազեց: Մասնավորապես Օլիմպիական խաղերից հետո դադար վերցնելու ընթացքում: Իմ կյանքում ոչինչ չփոխվեց, ամեն ինչ մնաց նույնը: Բայց հաճելի էր այդ ամենը, հաճելի ու անմոռանալի էր աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճումը: Երբեք այդ հույզերը չեն մոռացվի: Շատ կուզեի կրկնել, չգիտեմ՝ կստացվի, թե ոչ: Բայց հանուն այդ օրերի, ապրումների, կարելի է նորից անցնել մարզումների, մարզադահլիճում կյանքն անցկացնելու բարդ ճանապարհը:

Ի՞նչ սպասումներով ես վերադարձել հավաքական:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգամ աշխարհի առաջնությունում: Լավ մարզավիճակում եմ, հոգեբանորեն պատրաստ եմ գորգ դուրս գալուն: Չգիտեմ՝ մարմինս եւ ֆիզիկական պատրաստվածությունս որքան կդիմակայեն, բայց հոգեպես պատասրատ եմ պայքարելուն: Ամբողջ թիմը ծանրաբեռնված մարզումային փուլ է անցել, հավաքներ, միջազգային մրցաշարեր, իմ վերադարձն էլ շատ ջերմ ընդունեցին տղաները, մարզիչները: Բոլորս տրամադրված ենք հաղթանակների, հաջող մրցելույթների:

Դավիթ, Օլիմպիական խաղերին քիչ ժամանակ է մնացել: Կարելի է ենթադրել, որ դու վերադարձել ես եւս մեկ անգամ ՕԽ-ում ուժերդ փորձելու համար:

Այո: Չգիտեմ՝ ինչպես կընթանա այս երկու տարին մինչեւ Օլիմպիական խաղեր, եթե ոչինչ չխանգարի՝ վնասվածքներ, այլ խնդիրներ, ես կպայքարեմ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Չեմ ցանկանում մարզական կարիերաս ավարտել այս նոտայի վրա։ Ինձ համար սա դեռ անավարտ է՝ Եվրոպայի, աշխարհի չեմպիոն։ Պատկերը ամբողջական դարձնելու համար անհրաժեշտ է նաեւ օլիմպիական մեդալը: Եթե հիմա չփորձեմ, հետագայում, երբ հեռանամ մեծ սպորտից, գուցե զղջամ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով