10:11  ,  19 հոկտեմբերի, 2018

Սպասվում է Արսեն Վենգերի նշանակումը «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում

Մյունխենի «Բավարիայի» ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն եւ մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը հոկտեմբերի 19-ին հրավիրել են մամուլի ասուլիս, որի ժամանակ սպասվում է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում ֆրանսիացի Արսեն Վենգերի նշանակման մասին հայտարարություն, հաղորդում է գերմանական Bild-ը:

Վենգերը հայտարարել էր, որ մտադիր է վերսկսել մարզչական գործունեությունը հունվարի 1-ից: Նա Լոնդոնի «Արսենալից» հեռացել էր անցած մրցաշրջանի ավարտից հետո:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում «Բավարիան» խորվաթ Նիկո Կովաչի գլխավորությամբ ընթանում է 6-րդ տեղում՝ առաջատար Դորտմունդի «Բորուսիային» զիջելով 4 միավոր: Չեմպիոնների լիգայում մյունխենյան թիմը երկու տուրից հետո 4 միավորով երկրորդն է E խմբում: «Բավարիան» արդեն չորս հանդիպում հաղթանակ չի տարել:

46-ամյա Կովաչն այս ամռանն է գլխավորել «Բավարիան»՝ կնքելով 3 տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում