00:43  ,  19 հոկտեմբերի, 2018

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը ամբողջական կազմով կմասնակցի աշխարհի առաջնությանը

Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականը ամբողջական կազմով կմասնակցի հոկտեմբերի 25-ին Դոհայում մեկնարկող աշխարհի առաջնությանը: Արթուր Դավթյանը եւ Վիգեն Խաչատրյանը հանդես կգան բազմամարտում, իսկ Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը եւ Վահագն Դավթյանը` առանձին գործիքների վրա: Բազմամարտիկների արդյունքներին կգումարվեն նաև առանձին գործիքներից մեկական լավագույն ցուցանիշները, որոնք հաշվի են առնվում թիմային պայքարում, հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Աշխարհի 43-րդ առաջնությունը վարկանիշային է: 24 լավագույն թիմերն իրավունք կստանան մասնակցել 2019թ. աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար: 

Հայաստանի հավաքականին Քաթար կուղեկցեն գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարզիչներ Արտյոմ Ավետյանը, Կարեն Բաղդասարյանը, Հայկ Նազարյանը: Մրցակարգի համաձայն՝ յուրաքանչյուր մասնակից երկիր պետք է ներկայացնի միջազգային կարգի երկու մրցավար: Այդտեղ Հայաստանը կներկայացնեն Հակոբ Սերոբյանը եւ Արթուր Գյուրջինյանը: Հայաստանի պատվիրակությունը Քաթարից կվերադառնա նոյեմբերի 5-ին, իսկ նոյեմբերի 20-ին հավաքականը կմեկնի Գերմանիա` մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում