17:05  ,  18 հոկտեմբերի, 2018

Արթուր Գեւորգյանը կհանդիպի սպորտի նախարարին

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրված Արթուր Գեւորգյանը կհանդիպի Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանի հետ եւ կքննարկի հայկական բռնցքամարտում առկա խնդիրները: Այդ մասին Գեւորգյանը հայտնել է ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի մարզաշխարհի ներկայացուցիչներ (այդ թվում՝ դժգոհող գործընկերներ), և լրագրողներ, ինչպես գիտեք ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության դիմաց բողոքի ակցիա է իրականացվում ընդդեմ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի և նրա ղեկավարության:

Բազմիցս հրապարակային առաջարկել ենք հանդիպել և առկա խնդիրները քննարկել, սակայն մնացել ենք անարձագանք:

Քիչ առաջ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի հետ ունեցել եմ հեռախոսազրույց և վերջինս առաջարկել է հանդիպել և քննարկել առկա խնդիրները:

Ցանկանում եմ նշել, որ հանդիպումներին և քննարկումներին շատ ենք սպասել և միանշանակ ողջունում ենք նման մոտեցումը:

Ավելորդ չեմ համարում նշել, որ հենց սպորտի նախարարություն և այլ կառույցներ մեր կողմից ներկայացված գրությունները միշտ մնացել են անարձագանք, վերջիններս չեն արձագանքել այդ հանդիպումներին, այնուամենայնիվ ողջունում եմ նորանշանակ նախարարի նման ողջամիտ քայլը:

Այսօր կհանդիպենք նախարարի և դժգոհողների ներկայացուցչի հետ և վերջապես հնարավորություն կունենանք բոլոր խնդիրները քննարկելու և քաղաքակիրթ ճանապարհով լուծելու համար:
Գտնում եմ, որ հանդիպումը պետք է լինի հրապարակային և այդ իսկ պատճառով կհրավիրեմ լրագրողի, ով առցանց կտեսաձայնագրի մեր քննարկումը:

Նշեմ, որ ֆեդերացիան հակված է եղել և միշտ հակված է լինելու բոլոր հարցերը լուծել քաղաքակիրթ և իրավական ճանապարհով, այլ ոչ՝ էմոցիոնալ պահանջների և սաբոտաժի միջոցով:

Հարգանքով՝ ֆեդերացիայի նախագահ Ա.Գևորգյան»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ բռնցքամարտի նորաստեղծ հայկական ազգային ֆեդերացիայի անդամները, կանանց Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 18-ին բողոքի ակցիա էին անցկացրել Հայաստանի սպորտի եւ երիտասարդության նախարարության շենքի մոտ:  Նրանք նաեւ փակել էին Աբովյան փողոցը, ինչից հետո նախարարության շենքից դուրս էր եկել Գաբրիել Ղազարյանը եւ զրուցել  բողոքի ակցիայի մասնակիցների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում