15:55  ,  18 հոկտեմբերի, 2018

Այսպես խնդիր չի լուծվում. Սպորտի նախարարը՝ նախարարության շենքի մոտ բռնցքամարտի ներկայացուցիչների բողոքի ակցիայի մասին

Բռնցքամարտի նորաստեղծ հայկական ազգային ֆեդերացիայի անդամները, կանանց Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ հոկտեմբերի 18-ին բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի սպորտի եւ երիտասարդության նախարարության շենքի մոտ: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին նախարարության միջամտությունը հայկական բռնցքամարտում ծավալված խնդրին:

Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ հայկական բռնցքամարտում խմորումներ են: Ֆեդերացիայի նախկին անդամների մի խումբ չի ընդունում 2018 թվականի օգոստոսի 2-ին տեղի ունեցած բռնցքամարտի ֆեդերացիայի 12-րդ համաժողովում կայացած նախագահի ընտրության արդյունքները, ըստ որի՝ նախագահի պաշտոնում վերընտրվել է ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը:

Բողոքի ակցիա իրականացնողները լրագրողների հետ զրույցում հայտնեցին, որ իրենց պահանջն է կազմակեպել եւ անցկացնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր, արդար ընտրություններ: Ըստ բողոքարկող կողմի, 12-րդ համագումարում կայացած ընտրություններն անցել են խախտումներով եւ ոչ արդար ճանապարհով Արթուր Գեւորգյանը վերընտրվել է նախագահի պաշտոնում:

Բողոքի ակցիա իրականացնողները, ի նշան բողոքի, մի քանի րոպե փակեցին Երեւանի Աբովյան փողոցի երթեւեկությունը՝ պաստառներով շրջափակելով փողոցը: Նախարարության շենքից բողոքի ակցիա իրականացնողների հետ հանդիպման դուրս եկավ Հայաստանի սպորտի նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանը:

«Այսպես խնդիր չի լուծվում: Բռնցքամարտիկների խնդիրը պետք է լուծվի կլոր սեղանի շուրջ: Ես հենց նոր տեղեկացա, պատուհանից նայեցի, տեսա, որ փողոցն եք փակել եւ բողոքի ակցիա եք իրականացնում եւ եկա ձեր պահանջը լսելու: Չի կարելի այսպես հարցին լուծում տալ, քաղաքի, երթեւեկության բնականոն աշխատանքը խանգարել: Ես հասկանում եմ բոլորի անհանգստությունը: Փողոց փակելով այս խնդրին լուծում չենք տա: Եկեք նստենք մեկ սեղանի շուրջ եւ քննարկենք: Իմ առաջարկը հետեւյալն է՝ եթե երկու կողմ կա, երկու բեւեռ, պետք է լսենք միմյանց: Նստենք մեկ սեղանի շուրջ եւ քննարկենք: Այսպես տուժում է բռնցքամարտը, մարզիկները, մարզաշխարհը: Հակամարտություններով ոչ մի հարց չի լուծվի: Երկու կողմն էլ լսելու ունակություն պետք է ունենա: Խոստանում եմ՝ շատ արագ եւ շտապ կազմակերպել քննարկում կլոր սեղանի շուրջ եւ բռնցքամարտում առկա այս խնդրին լուծում տալ: Ամեն ինչը պետք է հանգիստ լինի, առանց բախումների»,- ասաց նախարարն ու հեռացավ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը ֆեդերացիայի 12-րդ համագումարում կայացած նախագահի ընտրությունների արդյունքները բողոքարկող մարզչական խմբին հրավիրել էր բաց քննարկման, սակայն նրանցից որեւէ մեկը չէր ներկայացել: Ի դեպ, նորաստեղծ ֆեդերացիան գլխավորում են բռնցքամարտի ներկայացուցիչներ Արման Հարությունյանը, Վազգեն Բադալյանը, Ռաֆայել Մեհրաբյանը, սպորտի վարպետ, Եվրոպայի չեմպիոն Սամսոն Խաչատրյանը եւ Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցի տնօրեն Սամվել Գասպարյանը: Բողոքարկող կողմը սեպտեմբերի 28-ին ասուլիս էին հրավիրել՝ պատասխանելու օրերս կայացած ՀԲՖ արտահերթ ժողով-հավաքում իրենց հասցեին հնչեցրած մեղադրանքներին, սակայն ասուլիսը տապալվեց Արթուր Գեւորգյանի համախոհների անակնկալ մամուլի սրահ մուտք գործելուց հետո: Ասուլիս հրավիրած բանախոսները հրաժարվեցին շարունակել իրենց ելույթները, քանի որ Արթուր Գեւորգյանի համախոհները մի շարք մեղադրանքներ էին հնչեցնում եւ դրանց սպառիչ պատասխաններ էին պահանջում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում