23:46  ,  17 հոկտեմբերի, 2018

Անրի. Գվարդիոլան է իմ չափանիշը մարզչական աշխատանքում

Գվարդիոլան է իմ չափանիշը մարզչական աշխատանքում, նրա ղեկավարությամբ ես դարձյալ իմացա, թե ինչ է ֆուտբոլը, ասել է «Մոնակոյի» նորանշանակ գլխավոր մարզիչ Թիերի Անրին, փոխանցում է Goal.com–ը։

Լոնդոնի «Արսենալի» եւ Բելգիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում աշխատանքից հետո Անրին առաջին անգամ է նշանակվում գլխավոր մարզիչ։

«Ես շատ բան եմ իմացել այն մասնագետներից, որոնց ղեկավարությամբ աշխատել եմ։ Արսեն Վենգերն ինձ օգնել է բացահայտել շատ նոր բաներ, ցույց է տվել, թե ինչ է նշանակում լինել պրոֆեսիոնալ եւ պատասխանատվություն կրել թիմի համար։

«Բարսելոնայում» Գվարդիոլայի ղեկավարությամբ նորովի իմացա, թե ինչ է ֆուտբոլը։ Նրա հետ շատ կարելի է զրուցել ֆուտբոլի մասին, նա երբեք չի ձանձրանա։ Դուք կարող եք քնել, իսկ նա կշարունակի առանց դադարի խոսել ֆուտբոլի մասին։ Կարծում եմ՝ Գվարդիոլայի ոճն ու գաղափարներն առաջ են անցել ժամանակից»,– ասել է Թիերի Անրին։

Հիշեցնենք, որ Թիերի Անրին «Մոնակոյի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել է պորտուգալացի Լեոնարդու ժարդիմին:

Ֆրանսիայի առաջնության 9 խաղից հետո թիմը 6 միավորով 18-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում