16:03  ,  17 հոկտեմբերի, 2018

Հաբեթնակ Կուրղինյան. Ուրախ ենք Դավիթ Սաֆարյանի վերադարձի առթիվ, մեդալի ակնկալիք ունենք նրանից (ֆոտո)

Ազատ ոճայինները պատրաստ են աշխարհի առաջնության մեկնարկին: Մեզ համար մեծ պատիվ է, որ թիմին միացել է նաեւ 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

Ազատ ոճայիններն այս օրերին վերջին մարզումային օրերն է անցկացնում Երեւանի Օլիմպավանում՝ պատրաստվելով հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Հաբեթնակ Կուրղինյանի թիմն արդեն ավարտել աշխարհի առաջնության նախապատրաստական փուլը: Վերջին մարզումներն ազատ ոճայիններն անցկացնում են ոչ ծանրաբեռնված` առավոտյան խաղային մարզում, երեկոյան՝ գորգ կամ ազատ մարզում:

«Կազմն ընտրվել է տարվա ընթացքում մարզիկների ցույց տված արդյունքներով՝ Հայաստանի առաջնություն, միջազգային մրցաշարեր: Վերջինը Ստեփան Սարգսյանի անվան հուշամրցաշարն էր, որի արդյունքներով էլ լիարժեք ստացանք աշխարհի առաջնության կազմի պատկերը՝ Միհրան Ջաբուրայն (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյան (65 կգ), Դավիթ Սաֆարյան (70 կգ), Վալտեր Մարգարյան (74 կգ) եւ Գեորգի Կետոեւ (97 կգ): Գերծանր քաշային Լեւան Բերիանիձեն բաց կթողնի աշխարհի առաջնությունը, քանի որ լավ մարզավիճակում չէ, քաշի խնդիր ունի: Նա չհասցրեց կարգավորել քաշը: Այս կազմում ինձ եւ ամբողջ թիմին առանձնահատուկ ուրախացրել է աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանի վերադարձը: Նա տարեսկզբից արդեն միացել էր թիմին, մասնակցել է բոլոր ուսումնամարզական հավաքներին, Թբիլիսիի մրցաշարում փորձեց ուժերը եւ այսօր արդեն լիարժեք պատրաստ է աշխարհի առաջնության գորգ դուրս գալուն: Դավիթ Սաֆարյանից մեդալի հույսեր ունեմ:

Մյուս քաշային կարգերում էլ չեմ կարող ասել, թե մեդալի ակնկալիքներ չունենք: Անպարտելի մարզիկ չկա, եթե անպարտելիներ չկան, ուրեմն ամեն ուժեղի էլ հնարավոր է հաղթել: Մեր տղաներից յուրաքանչյուրը ունի մեծ հնարավորություն մեդալ նվաճել աշխարհի առաջնությունում: Եվրոպայի առաջնությունն անհաջող էր ազատ ոճայինների համար, բայց դրան հաջորդող շրջանում մեր աշխատանքը կենտրոնացրել ենք սխալներն ուղղելու, տեխնիկատակտիկական պատրաստվածության վրա: Լավ մարզավիճակ ունեն տղաները, լավ են տրամադրված, թիմում կա հաղթական տրամադրվածություն»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում առաջինը պայքարի են դուրս գալու ազատ ոճայինները: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 19-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում