17:40  ,  17 հոկտեմբերի, 2018

Պատանեկան Օլիմպիական խաղեր. Հայաստանի թիմը ելույթն ավարտեց 2 մեդալով

Հայաստանի պատանեկան օլիմպիական հավաքականը 2 մեդալով է ավարտել ելույթը Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում անցկացվող ամառային երրորդ Օլիմպիական խաղերում:

Հայաստանի թիմից վերջինը հանդես է եկել գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան, որը բազմամարտում դուրս էր եկել եզրափակիչ եւ գրավել է 6-րդ տեղը:

Ավելի վաղ ծանրորդ Կարեն Մարգարյանը ոսկե մեդալ էր նվաճել 77 կգ քաշային կարգում, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը (60կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր:

Հայաստանի թիմի կազմում Բուենոս Այրեսում հանդես եկան նաեւ ծանրորդ Լիանա Գյուրջյանը (63 կգ), թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ), ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը (55 կգ), հրաձիգ Հայկ Բաբայանը (10 մ օդամղիչ ատրճանակ) եւ լողորդ Արթուր Բարսեղյանը:

Հայաստանի պատվիրակությունը հայրենիք կվերադառնա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 00.50-ին, Դոհա-Երեւան չվերթով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում