14:22  ,  17 հոկտեմբերի, 2018

Հեծանիվով 1900 կմ հաղթահարած Արիանե Կաոիլի. Կարծում եմ՝ Լեւոն Արոնյանը հպարտ է ինձանով

Կարծում եմ, Լեւոն Արոնյանը հպարտ է ինձանով: Այսպես NEWS.am Sport-ի թղթակցի հարցին, թե ինչպես է արձագանքել Լեւոն Արոնյանը կնոջ երկշաբաթյա միայնակ հեծանվարշավին, պատասխանեց ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ, հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանե Կաոիլին:

Արիանեն սեպտեմբերի 21-ից երկշաբաթյա հեծանվային արշավ է իրականացրել՝ անցնելով շուրջ 1900 կմ: Լրագրողների հետ հանդիպմանը նա պատմեց իր ճանապարհորդության հետաքրքիր դրվագների ու նպատակի մասին:

«Սա մի նախաձեռնություն է, որը ես ցանկանում էի իրականացնել դեռ անցյալ տարի: Բայց իմ եւ Լեւոնի ամուսնությունը հետաձգեց ծրագրերս: Հեծանվային արշավը բարեգործական է եւ այն իրականացրել եմ Հայաստանի մանուկների հիմնադրամի հետ միասին: Այս տարվա սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, սկսեցի հեծանվային արշավը՝ միայնակ: Մեկնարկը տվել եմ Կիլիկիայի միջնադարյան հայկական Այաս քաղաքից, անցել եմ Անատոլիայով, Իրանի հյուսիսով եւ ավարտել հայ-իրանական սահմանին տեղակայված Ագարակ քաղաքում: Անցել եմ 1900 կմ: Ինձ համար անսահման հետաքրքիր ու արկածներով լի ճամփորդություն էր: Ես միայնակ էի, բայց ինձ ուղեկցող մեքենա կար: Ամեն քաղաքում, գյուղում, համայնքում կանգ էի առնում եւ տեսաուղերձ անում հիմնադրամին, թե որտեղ եմ, ինչպես եմ: Հանդիպեցի շատ տարբեր մարդկանց: Գիշերում էի վրանում, քնում էի 4 ժամ, արթնանում էի առավոտյան ժամը 5-ին եւ ճանապարհ ընկնում: Այդ ամենն անում էի ինքնուրույն: Ինձ համար սա իր տեսակի մեջ յուրահատուկ մի փորձություն էր, որով ես փորձեցի իմ լուման ունենալ հայ մանուկների բարեկեցիկ կյանքի հարցում:

Արդեն բավական գումար հավաքագրվել է՝ շուրջ 6 հազար դոլար: Դրամահավաքը կտեւի մինչեւ հոկտեմբերի 19-ը: Հույս ունեմ, որ այս օրերին կհավաքվի մնացած 4 հազար դոլարը, որպեսզի տրվի խմբակների աշխատանքների մեկնարկը գյուղերում: Մեր հետաքրքիր նախաձեռնությանը կարող եք ծանոթանալ, ինչպես նաեւ միանալ #bike4coaf հեշթեգով, իսկ ներդրումներ կատարել կարելի է https://www.gofundme.com/arianne-caoili-bike4coaf հղումով»,- ասաց Արիանա Կաոիլին:

Հեծանվային արշավը բարեգործական է: Արշավի ընթացքում Արիանե Կաոիլին դրամահավաք է իրականացնում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի համար: Ըստ ծրագրի, նախատեսված է հավաքել 10 հազար ԱՄՆ դոլար, որը ծառայելու է Այգեհովիտ, Բերդավան, Պտղավան եւ Զորական գյուղերում սպորտային խմբակների ստեղծմանը, սարքավորումների ձեռբերմանն ու ուսուցիչների աշխատանքին:

«Սպորտն անհրաժեշտություն է երեխաների համար, որովհետեւ տալիս է հոգեկան դիմացկունություն, որը պետք կգա ամբողջ կյանքում: Սպորտում կա հաղթանակ եւ պարտություն: Մտավոր եւ հոգեւոր դիմակցությունն ուղղակի անհրաժեշտություն է, որ կարողանաս հաղթահարել պարտություններդ: Իմ արշավի ուղերձն այն է, որ հայ մանուկները զբաղվեն սպորտով, մասնավորապես, մրցակցային ձեւերով: Երեխան պետք է սովորի նաեւ պարտվել: Հայրս մի անգամ ասել է՝ պարտվելուց պետք չէ ընկճվել, քանի որ դու չես պարտվում, սովորում ես: Ես փորձում եմ խրախուսել Հայաստանում երեխաների սպորտին ներգրավվածությունը, սպորտը կենսակերպ դարձնելուն: Ուզում եմ, որ հատկապես աղջիկները ներգրավվեն սպորտում»,- մանրամասնեց Արիանե Կաոիլին: 

Հանդիպման վերջում NEWS.am Sport-ի թղթակցի հետ առանձնազրույցում Կաոիլին նշեց, որ Լեւոն Արոնյանը հպարտ է իրենով, իր կատարած աշխատանքով եւ անցած 1900 կմ բարդ ճանապարհով: 

 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում