12:04  ,  17 հոկտեմբերի, 2018

«Սպորտինգի» ու «Լեւանտեի» ֆուտբոլիստները՝ Հայաստանի հավաքականից կրած պարտության մասին

Լիսաբոնի «Սպորտինգի» պաշտպան Ստեֆան Ռիստովսկին ու իսպանական «Լեւանտեի» կիսապաշտպան Էնիս Բարդին Մակեդոնիայի հավաքականի կազմում Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի թիմին պարտվելուց հետո դժգոհել են մրցավարությունից: Հանդիպումը սպասարկել էր Շվեդիայի մրցավարական անձնակազմը՝ 41-ամյա Մարտին Ստրյոմբերգսոնի գլխավորությամբ:

«Իմ նկատմամբ խախտումից հետո կար ակնհայտ 11 մետրանոց հարված, եւ դա տեսան բոլորը՝ բացի մրցավարից: Ես, իսկապես, չեմ հասկանում, թե ինչպես կարելի էր կայացնել այդպիսի որոշում: Մրցակիցը չդիպավ գնդակին եւ հարվածեց ոտքիս: Եթե մենք իրացնեինք 11 մետրանոց հարված, դա կփոխեր խաղի ընթացքը: Ամեն դեպքում, ճանապարհ դեպի հետ չկա: Պետք մոռանանք այս տհաճ դրվագն ու մինչեւ վերջ պայքարենք խմբում առաջին տեղ գրավելու համար»,- ասել է Էնիս Բարդին:

«Վաղը ոչ մեկ չի հիշելու, որ Մակեդոնիայի հավաքականը տուժել է մրցավարական գործողություններից: Բոլորը կնշեն, որ մակեդոնացիները ջախջախիչ պարտություն կրեցին 0:4 հաշվով: Եթե վերլուծենք խաղը, ապա կարող եմ ասել, որ այս մրցավարի հետ այստեղ չէր կարող հաղթել նույնիսկ Իսպանիայի հավաքականը: Բարդ է, երբ հաղթական շարքից հետո պարտվում ես 0:4 հաշվով: Ցուցադրեցինք անհաջող խաղ: Պետք է պատրաստ լինենք նաեւ այսպիսի խաղերի ու այսպիսի մրցավարների, այդպիսին են իսկական հաղթողները»,- նշել է Ստեֆան Ռիստովսկին, փոխանցում է ekipa.mk-ն:

Այդ հանդիպման մրցավարությունից բողոքել էր նաեւ Մակեդոնիայի հավաքականի ավագ, իտալական «Ջենոայի» հարձակվող Գորան Պանդեւը:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը խփել էր 4 անպատասխան գոլ՝ տանելով առաջին հաղթանակն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ: Այդ հաղթանակից հետո հայկական թիմը վաստակեց 6 միավոր եւ երկրորդն է D դիվիզիոնի չորրորդ խմբում: Խմբի առաջատար Մակեդոնիան ունի 9 միավոր: Ջիբրալթարն ունի 6 միավոր, իսկ Լիխտենշտեյնը՝ 3:

Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականիների միջեւ առաջին շրջանի խաղում մակեդոնացիները տնային հաղթանակ են տարել 2:0 հաշվով: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երեւանում նվազագույն հաշվով պարտվել էր Ջիբրալթարի հավաքականին, որն իր պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում:

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերը կանցկացնի նոյեմբերի 16-ին ու 19-ին՝ հյուրընկալվելով Ջիբրալթարին ու Լիխտենշտեյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում