11:33  ,  17 հոկտեմբերի, 2018

Հայաստանի հավաքականի դեմ խաղից հետո Գորան Պանդեւը դժգոհել է մրցավարությունից

Ֆուտբոլի Մակեդոնիայի հավաքականի եւ իտալական «Ջենոայի» հարձակվող Գորան Պանդեւը մեկնաբանել է Երեւանում տեղի ունեցած Ազգերի լիգայի չորրորդ տուրի խաղում Հայաստանի թիմից կրած պարտությունը:

«Մենք 11 մետրանոցի իրավունք չստացանք Բարդիի նկատմամբ մաքուր խախտումից հետո: Կարծում եմ, որ Տրայկովսկու դեմ պայքարում եւս կար կանոնների խախտում ու 11 մետրանոց: Անկախ ամեն ինչից, ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք խմբում: Գուցե լավ է, որ պարտվեցինք հիմա, այլ ոչ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում: Ինձ դուր չեկան մրցավարական որոշումները, սակայն այլեւս չեմ ցանկանում խոսել այդ մասին»,- Պանդեւի խոսքը մեջբերում է gol.mk-ն:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը խփել էր 4 անպատասխան գոլ՝ տանելով առաջին հաղթանակն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ: Հանդիպումը սպասարկել էր Շվեդիայի մրցավարական անձնակազմը՝ 41-ամյա Մարտին Ստրյոմբերգսոնի գլխավորությամբ:

Այդ հաղթանակից հետո հայկական թիմը վաստակեց 6 միավոր եւ երկրորդն է D դիվիզիոնի չորրորդ խմբում: Խմբի առաջատար Մակեդոնիան ունի 9 միավոր: Ջիբրալթարն ունի 6 միավոր, իսկ Լիխտենշտեյնը՝ 3:

Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականիների միջեւ առաջին շրջանի խաղում մակեդոնացիները տնային հաղթանակ են տարել 2:0 հաշվով: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երեւանում նվազագույն հաշվով պարտվել էր Ջիբրալթարի հավաքականին, որն իր պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում:

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերը կանցկացնի նոյեմբերի 16-ին ու 19-ին՝ հյուրընկալվելով Ջիբրալթարին ու Լիխտենշտեյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում