22:35  ,  16 հոկտեմբերի, 2018

Իգոր Անգելովսկի. Հայաստանի հավաքականը շատ ուժեղ ֆուտբոլ խաղաց

Ֆուտբոլի Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին  Ազգերի լիգայի չորրորդ տուրի հանդիպման հետխաղյա ասուլիսում խոսեց Հայաստանի թիմից կրած 0:4 հաշվով պարտության մասին:

«Ես արդեն նշել էի, որ սա շատ կարեւոր խաղ էր մեզ համար: Չեմ կարծում, որ մեր խաղացողների մոտ կար ավելորդ հանգստություն: Պարզապես Հայաստանի հավաքականը շատ ուժեղ ֆուտբոլ խաղաց, ինչի համար շնորհավորում եմ ձեզ: Մենք ամեն ինչ անում էինք լավ արդյունքի հասնելու համար: Խմբային փուլի ավարտին կա 2 հանդիպում եւ մենք կփորձենք առավելագույնին հասնել այդ խաղերում:

Ես երբեք չեմ մեկնաբանում մրցավարի գործողությունները: Խաղն ավարտված է, եւ ես ասելու ոչինչ չունեմ մրցավարի վերաբերյալ:

Հայաստանի հավաքականը չզարմացրեց մեզ: Այսօր մենք պարտվեցինք ոչ թե տակտիկապես, այլ անհատական սխալների պատճառով: Իհարկե, ես զարմացել էի, որ Հայաստանի հավաքականը պարտվեց Ջիբրալթարին, սակայն ֆոտբոլում այդպիսի բաներ լինում են եւ թիմերից մեկը հաղթում է:

Ես երբեք չեմ ծիծաղում, սակայն հիմա կժպտամ ձեզ համար»,- նշեց մարզիչը:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 6 միավոր եւ երկրորդն է D դիվիզիոնի չորրորդ խմբում: Խմբի առաջատար Մակեդոնիան ունի 9 միավոր: 3-ական միավոր ունեն Ջիբրալթարն ու Լիխտենշտեյնը, որոնք այս տուրում կմրցեն իրար հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականիների միջեւ առաջին շրջանի խաղում մակեդոնացիները տնային հաղթանակ են տարել 2:0 հաշվով: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երեւանում նվազագույն հաշվով պարտվել էր Ջիբրալթարի հավաքականին, որն իր պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում:

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերը կանցկացնի նոյեմբերի 16-ին ու 19-ին՝ հյուրընկալվելով Ջիբրալթարին ու Լիխտենշտեյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում