22:27  ,  16 հոկտեմբերի, 2018

Արմեն Գյուլբուդաղյանց. Մեր թիմը դաժան եւ ծանր պարտությունից հետո կարողացավ հավաքվել եւ մոռանալ տեղի ունեցածը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հետխաղյա ասուլիսում մեկնաբանեց մակեդոնացիների նկատմամբ 4:0 հաշվով տնային հաղթանակն Ազգերի լիգայի չորրորդ տուրի խաղում:

«Մարկոս Պիզելիի վնասվածքի մասին կասեմ, որ նա տեղափոխվել է հիվանդանոց: Այժմ մեր բժիշկները նրա հետ են: Քիչ հետո ես էլ կմիանամ նրանց: Կարծում եմ՝ վնասվածքը լուրջ է:

Չեմ ցանկանում հիշել անցյալը, սակայն Ջիբրալթարի դեմ խաղում էլ տղաները անմնացորդ խաղացին, պարզապես 36 հարվածներից հետո գնդակը չհայտնվեց դարպասում: Դրանից հետո հավաքվեցինք, զրուցեցինք, ֆեդերացիայի նախագահն էլ հանդիպեց խաղացողների հետ: Այդպիսի բաներ լինում է: Ֆրանսիայի հավաքականն էլ սեփական դաշտում չէր կարողացել հաղթել Լյուքսեմբուրգին: Ես այսօրվա նվիրվածությունը տեսել եմ նաեւ նախորդ խաղում: Կրկնապատիկ էր ցանկությունը հետ բերել մեր երկրպագուների ու ձեր հույսն ու հավատը հավաքականի հանդեպ:

Ջիբրալթարի դեմ խաղում փորձում էինք արագ գոլ խփել, քանի որ այդպիսի թիմերի դեմ խաղերում դժվարանում է, երբ գոլն ուշանում է: Բոլոր թիմերի դեմ էլ փորձում ենք ագրեսիվ խաղալ: 1:0-ից հետո մենք մրցակցի դարպասի մոտ ճնշում էինք գործադրում նաեւ երկրորդ խաղակեսի սկզբնամասում, երբ Մխիթարյանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Դրանից հետո մոտ 10 րոպե ճնշում կար մեր դարպասի վրա, բայց տղաները պատվով դուրս եկան այդ իրավիճակից: Բոլորով լավ պաշտպանվեցինք եւ շատ ճիշտ ժամանակին եղավ Յուրա Մովսիսյանի գոլը, որից հետո ավելի հանգիստ խաղացինք, տարածություններ բացվեց:

Երկրպագուների հետ հանդիպումը եւս ազդեցություն ունեցավ այս խաղի վրա: Բոլորի էներգետիկան էլ օգնեց: Ջիբրալթարին պարտվելուց հետո շատ բարդ էր: Բոլորին շնորհակալ եմ, որ եկան ստադիոն եւ որ մեզ երկրպագում էին հեռուստաէկրանների դիմաց:

Հաշվի առնելով Յուրա Մովսիսյանի մարզավիճակը, նրա խաղը շատ գոհացրեց, սակայն նա կարող է ավելին: Ծանր վիրահատություններից հետո նա ուժեղ բնավորության շնորհիվ կարողացավ այս մակարդակի խաղ ցուցադրել: Վստահ եմ, որ լավ մարզավիճակ հավաքելուց հետո Մովսիսյանը ավելի մեծ օգուտ կտա մեր հավաքականին:

Ապագայի մասին արդեն ասել եմ, որ պետք է զարգացնենք մեր մանկապատանեկան ֆուտբոլը, որպեսզի ունենանք նոր Հենրիխ Մխիթարյաններ, Յուրա Մովսիսյաններ, Գեւորգ Ղազարյաններ, Գոռ Մալաքյաններ, Կառլեն Մկրտչյաններ:

Հնարավոր է, որ հաջորդ խաղերին մեզ կմիանան նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացողներ: Փորձելու ենք երիտասարդական թիմի խաղացողներին աստիճանաբար ներգրավվել ազգային հավաքական:

Ես չեմ կարող ասել, թե այս 3 օրում ինչ տեղի ունեցավ Մակեդոնիայի հավաքականի հետ, իսկ մեր թիմը ծանր, դաժան պարտությունից հետո կարողացավ հավաքվել եւ ցուցադրել լավագույն որակները: Նույնիսկ ժամանակ էլ չունեինք մտածելու համար:

Չեմ ցանկանա առանձնացնել մեկ խաղացողի: Այսօր մեծ ցանկություն ու նվիրվածություն ցուցադրեց ամբողջ թիմը՝ խաղալով բարձր մակարդակի վրա:

Արտյոմ Խաչատուրովն այսօր անցկացրեց իր լավագույն խաղերից մեկը: Ես նրա ելույթներին հետեւել եմ Հայաստանի առաջնության խաղերում: Արամ Հայրապետյանն էլ մի քանի անգամ փրկեց մեզ: Երկուսն էլ շատ բարձր մակարդակի ֆուտբոլ խաղացին»,- նշեց Արմեն Գյուլբուդաղյանցը:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 6 միավոր եւ երկրորդն է D դիվիզիոնի չորրորդ խմբում: Խմբի առաջատար Մակեդոնիան ունի 9 միավոր: 3-ական միավոր ունեն Ջիբրալթարն ու Լիխտենշտեյնը, որոնք այս տուրում կմրցեն իրար հետ:

Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականիների միջեւ առաջին շրջանի խաղում մակեդոնացիները տնային հաղթանակ են տարել 2:0 հաշվով: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երեւանում նվազագույն հաշվով պարտվել էր Ջիբրալթարի հավաքականին, որն իր պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում:

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերը կանցկացնի նոյեմբերի 16-ին ու 19-ին՝ հյուրընկալվելով Ջիբրալթարին ու Լիխտենշտեյին:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով