15:04  ,  16 հոկտեմբերի, 2018

Արթուր Վանեցյան. Ես ֆուտբոլից չեմ հասկանում այնպես, ինչպես գլխավոր մարզիչը

ՀՖՖ նորընտիր նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ ֆուտբոլից չի հասկանում այնպես, ինչպես գլխավոր մարզիչը կամ պրոֆեսիոնալ ֆուտբոլային մասնագետները։

«Գիտե՞ք ինչ, ֆուտբոլից հասկանալը... եթե վերցնենք, որ ես ասենք՝ գլխավոր մարզիչի կամ պրոֆեսիոնալ ֆուտբոլային մասնագետների պես հասկանում եմ, իհարկե, չեմ հասկանում։ Ես դա չեմ թաքցնում, ես ասում եմ, որ չեմ հասկանում նման խորացված»,- ասաց նա։

Լրագրողների դիտարկմանը՝ այդ դեպքում ինչպե՞ս է մշակում ֆուտբոլային քաղաքականությունը, ՀՖՖ նախագահը պատասխանեց.

«Ուրեմն, ֆեդերացիայի նախագահի գործը եւ, առհասարակ, ֆեդերացիայի գործը հավաքականի խաղերով չի գնահատվում։ Ֆեդերացիայի նախագահը, ֆեդերացիայի գործկոմը եւ, առհասարակ, ֆեդերացիան զբաղվում են ֆուտբոլի զարգացմամբ, ֆուտբոլի մասսայականացմամբ, ֆուտբոլի կազմակերպչական հարցերով, ենթակառուցվածքների ստեղծման հարցերով, բժշկական ծառայությունների մատուցման եւ այլն, եւ այլն»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Վանեցյանը ներկա էր եղել Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզմանը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: Մարզումից առաջ նա նաեւ զրուցել էր ֆուտբոլիստների հետ:

Հայաստանի հավաքականը պատրաստվում է մակեդոնացիների դեմ Ազգերի լիգայի չորրորդ տուրի հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 16-ին «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երեւանում նվազագույն հաշվով պարտվել էր Ջիբրալթարի հավաքականին, որն իր պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում:

Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականիների միջեւ առաջին շրջանի խաղում մակեդոնացիները տնային հաղթանակ են տարել 2:0 հաշվով եւ 9 միավորով գլխավորում են D դիվիզիոնի չորրորդ խումբը: Հայաստանի, Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի հավաքականներն ունեն 3-ական միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում