14:49  ,  16 հոկտեմբերի, 2018

Լեւոն Ջուլֆալակյան. Ըմբիշները լավ մարզավիճակում են մոտենում աշխարհի առաջնությանը (ֆոտոշարք)

Չնայած Լեհաստանի մրցաշարում Արսեն Ջուլֆալակյանը բոլոր գոտեմարտերում մաքուր հաղթանակ տարավ՝ պարտության մատնելով նույնիսկ շվեդ ըմբիշին, որին Կարապետ Չալյանը պարտվել էր Եվրոպայի առաջնությունում, այնուամենայնիվ, աշխարհի առաջնությանը, ինչպես եւ հայտարարվել էր, կմասնակցի հաղթողը: Լեհաստանի մրցաշարի եզրափակիչում Կարապետ Չալյանը հաղթեց Արսեն Ջուլֆալակյանին եւ 77 կգ քաշային կարգում Բուդապեշտում մրցագորգ դուրս կգա Չալյանը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին վերջին հավաքն է անցկացնում հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ: Ազգային հավաքականին տարվա կարեւոր ստուգատեսին պատրաստվելու հարցում օգնում է Արմեն Բաբալարյանի գլխավորած հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը: Չնայած Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցելու աշխարհի առաջնությանը, բայց նա եւս մասնակցում էր մարզումներին:

«Օլիմպավանում անցկացնում ենք վերջին հավաքը, որը մեկնարկել է հոկտեմբերի 11-ից: Հավաքը կտեւի մինեւ հոկտեմբերի 25-ը, այնուհետեւ կմեկնենք մրցավայր: Աշխարհի առաջնության նախապատրաստական փուլում անցել ենք եւս մի քանի ուսումնամարզական հավաքներ՝ Ռուսաստանում, Բելառուսում, ունեցանք հավաք նաեւ Ծաղկաձորում: Ըստ ծրագրի պատրաստվել ենք աշխարհի առաջնությանը ոչ միայն ուսումնամարզական հավաքներով, այլեւ միջազգային մրցաշարերով: Ինչպես հայտարարել էի, առաջնության կազմում ընդգրկվելու են նրանք, ովքեր վերջին միջազգային մրցաշարում լավ հանդես կգան: Ըստ այդմ էլ կազմել ենք թիմը: 8 մասնակիցներով ընտրանին մրցավայր կմեկնի հոկտեմբերի 24-ին:

Ըմբիշների մարզավիճակը լավ է, բոլորն էլ լավ պատրաստվել են, մնում է միայն, որ արդեն մրցագորգում կարողանան իրենց դրսեւորել եւ անել այն, ինչի ընդունակ են:

Լավ ենք պատրաստվել, ինչպես միշտ է լինում: Ամեն ինչ ցույց կտա մրցագրոգը, եթե տղաները կարողանան իրենց ունակությունները ցուցադրել այնպես, ինչպես հարկն է եւ մի փոքր էլ հաջողությունն իրենց ժպտա, լավ արդյունքներ կգրանցենք: Կանխավ ակնկալիքների մասին չեմ սիրում խոսել, պետք է ճիշտ գոտեմարտեր վարեն, առողջ մոտենան, սայթակումներ թույլ չտան, ապա ամեն ինչ լավ կլինի:

77 կգ քաշային կարգում հանդես կգա Կարապետ Չալյանը: Այս քաշային կարգում լուրջ մրցակցություն կա նրա ու Արսեն Ջուլֆալակյանի միջեւ: Լեհաստանի մրցաշարից առաջ հայտարարել էի, որ ովք հաղթի այս քաշային կարգում, նա էլ մեկնելու է աշխարհի առաջնությանը: Լեհաստանում կայացած միջազգային մրցաշարում երկուսն էլ լավ գոտեմարտեր անցկացրեցին եւ եզրափակիչում հանդիպեցին իրար: Ճիշտ է, Արսեն Ջուլֆալակյանը բոլոր գոտեմարտերը մաքուր հաղթեց, այդ թվում՝ շվեդ ըմբիշին, որին Եվրոպայի առաջնությունում Կարապետ Չալյանը պարտվել էր, բայց եզրափակիչում Արսենը պարտվեց Կարապետին: Իսկ ես նախապես հայտարարել էի, որ հաղթողն է մեկնելու աշխարհի առաջնությանը եւ, բնականաբար, ինչ ասվում է, դա էլ պետք է արվի»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմն արդեն հայտնի է՝ Նորայր Հախոյան (55 կգ), Գեւորգ Ղարիբյան (60 կգ), Սլավիկ Գալստյան (63 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Կարապետ Չալյան (77 կգ), Մաքսիմ Մանուկյան (82 կգ), Արթուր Շահինյան (87 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ): 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում