16:44  ,  16 հոկտեմբերի, 2018

Դիդյե Դեշամին զարմացրել է «Արսենալի» ավագի հայտարարությունը

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը պատասխանել է Լոնդոնի «Արսենալի» ավագ Լորան Կոսելնիի քննադատությանը: Նախօրեին ֆրանսիացի պաշտպանը հայտարարել էր Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին՝ նշելով, որ վնասվածքից հետո Դեշամը մոռացել է իր մասին:

«Ինձ ու մարզչական շտաբին զարմացրին Կոսելնիի հայտարարությունը: Աշխարհի առաջնությունը Կոսելնիի համար մեծ նպատակ էր կարիերայի մայրամուտին, սակայն նա վնասվածք ստացավ ու չկարողացավ մեկնել Ռուսաստան: Դա շատ լուրջ հիասթափություն է, երբ ֆուտբոլիստն ունենում է չավարտված գործեր:

Ես զանգել եմ Կոսելնիին, երբ նա վնասվածք էր ստացել: Նույնիսկ նրա հետ քննարկել եմ վիրաբույժի ընտրության հարցը, առաջարկեցի գալ հավաքականի ճամբար, երբ մենք պատրաստվում էինք աշխարհի առաջնությանը: Սեպտեմբերին ես զանգեցի ու շնորհավորեցի նրա ծննդյան տարեդարձը, մենք զրուցել ենք  նաեւ երեկ: Գուցե ես այնքան էլ անկեղծ չեմ խոսել նրա հետ վերջին շրջանում: Անկախ ամեն ինչից, այս իրավիճակը չի փոխի իմ կարծիքը Կոսելնիի մասին»,- Դեշամի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Լորան Կոսելնին շարունակում է վերականգնվել աքիլեսյան ջիլի վնասվածքից, որը ստացել էր մայիսին: Սպասվում է, որ նա մարզումները կվերսկսի նոյեմբերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում