17:15  ,  16 հոկտեմբերի, 2018

Նուրմագոմեդովը հրաժարվել է 15 միլիոն դոլարով ռեւանշ մենամարտ անցկացնել Մաքգրեգորի հետ

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը հրաժարվել է 15 միլիոն դոլարի դիմաց ռեւանշ մենամարտ անցկացնել իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ: Այդ մասին հայտնել է ռուսաստանցի մարտիկի հորեղբայրը՝ Ալեքս Նուրմագոմեդովը:

«Մաքգրեգորի հետ ռեւանշ մենամարտը հնարավոր չէ: Նա հետաքրքիր չէ Խաբիբի համար: Նա Քոնորի հետ չի մենամարտի ոչ մի գումարի դիմաց: Գիտեմ, որ նրանք առաջարկել են ռեւանշ մենամարտ: Նրանք Խաբիբին առաջարկել էին 15 միլիոն, եթե նա համաձայնվի: Սակայն Խաբիբն ասաց «ոչ»: Թող Քոնորը հերթ կանգնի, թող մենամարտի այլ մարտիկների հետ: Իսկ Խաբիբը ցանկանում է հանդիպել Ֆերգյուսոնի հետ, իսկ հետո ավարտել կարիերան»,- Ալեքս Նուրմագոմեդովի խոսքը մեջբերում է «Спорт-экспресс»-ը:

Հիշեցնենք, որ Լաս Վեգասում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած տիտղոսային մենամարտում  Ռուսաստանը ներկայացնող մարտիկը չորրորդ ռաունդում հաղթել էր խեղդող հնարքով: Մաքգրեգորը հանձնվել էր:

Մենամարտից հետո մարզիկների թիմերի միջեւ բախում է եղել մարզադահլիճում, որը սադրել է Հաբիբը՝ դուրս գալով ութանկյունից: Նա հարձակվել է Մաքգրեգորի ընկեր Դիլոն Դենիսի վրա: Այդ պահին ութանկյուն է մտել Նուրմագոմեդովի մարտավկա Զուբայր Տուխուգովը եւ սկսել է կռվել Մաքգրեգորի հետ: Հաբիբը ոստիկանների ուղեկցությամբ լքել է դահլիճը: Չեմպիոնին գոտին չեն հանձնել:

Քոնոր Մաքրեգորը UFC-ում հանդես չէր գալիս 2016-ից: 2017-ին 30-ամյա իռլանդացին պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով մենամարտեց 5 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի հետ եւ պարտվեց տեխնիկական նոկաուտով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս