22:27  ,  15 հոկտեմբերի, 2018

Ալեքսանդր Գրիգորյան. Տանը Ջիբրալթարին պարտվելը շատ ավելի բարդ է, քան Ջիբրալթարի նեղուցը լողալով անցնելը

Ռուսական «Լուչ-Էներգիայի», «Անժիի», «ԲՄԱ-Խաբարովսկի», «Արարատ-Մոսկվայի», «Տոսնոյի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կանխատեսել է Հայաստանի հավաքականի հաղթանակը մակեդոնացիների նկատմամբ Ազգերի լիգայի չորրորդ տուրի խաղում:

«Կարծում եմ՝ Հայաստանի թիմը կհաղթի մեկ գոլի առավելությամբ: Այլ կանխատեսման մասին չեմ ցանկանում մտածել: Նախորդ խաղում հայերը բարելավեցին բոլոր հնարավոր ռեկորդները, քանի որ տանը Ջիբրալթարին պարտվելը շատ ավելի բարդ է, քան Ջիբրալթար նեղուցը լողալով անցնելը: Անկեղծ ասած, այդպիսի պարտությունից հետո գլխավոր մարզիչին կստիպեի լողալով անցնել Սեւանը: Շատ բարկացած եմ այդ արդյունքից:

Հասկանալի է, որ ամեն ինչ չի կարելի կապել մարզիչի հետ, քանի որ ֆուտբոլիստները խաղում են իրենց հայրենիքի համար, եւ այդպիսի արդյունքները պարզապես անթույլատրելի են: Ես հասկանում եմ, որ 90 րոպեում 15 գոլային պահից հետո ինչ-որ հրաշք է խանգարել, բայց ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է պարտվել Ջիբրալթարին: Ֆուտբոլիստները նույնպես պետք է պատասխանատվություն վերցնեն: Առավել եւս, որ Հայաստանի հավաքականում կան հրաշալի ֆուտբոլիստներ: Գրոհներում այնքան մեծ ներուժ կա, որ կարող էին 10 գոլ խփել: Հնարավոր է՝ ես թերագնահատում եմ Ջիբրալթարին, բայց այլեւս չեմ ցանկանում նույնիսկ օգտագործել այդ բառը»,- Ալեքսանդր Գրիգորյանի խոսքը մեջբերում է bookmaker-ratings.ru-ն:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը պարտվել է 0:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում