19:03  ,  15 հոկտեմբերի, 2018

Արթուր Վանեցյան. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում կային ֆուտբոլիստներ, որոնց չէի ցանկանա տեսնել

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախախաղային մարզմանը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում ներկա էր նաեւ ՀՖՖ նորընտիր նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, որը լրագրողների հետ զրույցում նշեց, որ լիովին վստահում է ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին:

«Նախորդ խաղից առաջ իմ մտքում ունեի թիմի հայտացուցակը եւ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում կային ֆուտբոլիստներ, որոնց չէի ցանկանա տեսնել: Անուններ չեմ նշի, բայց մենք ընտրել եւ նշանակել ենք գլխավոր մարզիչի եւ պետք է վստահենք նրան ու սպասենք արդյունքների: Եթե առաջիկայում արդյունքները չբավարարեն մեզ, կարող ենք փոխել մարզիչին, սակայն այս պահին այդպիսի խնդիր չկա, եւ ես լիովին վստահում եմ Արմեն Գյուլբուդաղյանցին, իրեն մաղթում եմ հաղթանակ:

Ֆուտբոլասերներին կոչ եմ անում երկրպագել մեր հավաքականին ու աջակցել թիմին: Չգիտեմ, թե հայերեն ինչպես է «դուխով» բառը, թող երկրպագուները դուխ տան թիմին եւ հավատան, որ մեր տղաները կարող են հավաքվել ու արդյունք ցուցադրել:

Շատ բացասական եմ գնահատում ՖԱՖ-ի եւ Red Eagles-ի երկրպագուների մասնակցությամբ միջադեպը: Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ այդ 2 շարժումները մշտապես բողոքել են ֆուտբոլի ֆեդերացիայից եւ ասել, որ իրենց չեն տրամադրում իրենց ուզած տեղերը: Նրանց հետ հանդիպումից հետո քննարկել ենք տարբեր հարցեր եւ մի խմբին առաջարկել եմ մի դարպասի հետեւի տրիբունան, մյուս խմբին՝ մյուս: Սակայն նրանք շատ բացասական են ընդունել դա՝ նշելով, որ դարպասի հետեւից իրենց ձայնը չի հասնում խաղադաշտ եւ չեն կարողանում երկրպագել նորմալ: Նրանք խոստացել էին, որ որեւէ միջադեպ չի լինի, սակայն նրանք չեն պահել իրենց խոստումը: Չեմ ցանկանում այս պահին ասել, թե ով չի պահել խոստումը, սակայն դա բոլորին հայտնի է: Չեմ ցանկանում ինքս գնահատական տալ: Խաղից հետո եւս հանդիպել ենք ՖԱՖ-ի եւ Red Eagles-ի երկրպագուների հետ, եւ նրանք խոստացել են շտկել բոլոր տարաձայնությունները եւ այլեւս տեղիք չտան նման երեւույթների: Վաղվա խաղում եւս նրանք կլինեն իրար կողք, իսկ հետագայում, երբ կունենանք մարզադաշտի անվտանգության հայեցակարգը, որն այսօր չունենք, այդ ժամանակ հստակ կգրվի, թե որտեղ կլինեն այդ երկրպագուները:

Միջադեպի վերաբերյալ ՈւԵՖԱ-ից արձագանք կա, սակայն 100 հազար եվրո տուգանքի վերաբերյալ տեղեկությունը սխալ է: Կլինեն պատժամիջոցներ, որոնց մասին այժմ տեղեկություն չուեննք: Իհարկե, լինելու է: Ցանկացած արարք, որը կատարվում է խաղի ժամանակ, ՈւԵՖԱ-ի կողմից արժանանում է շատ խիստ գնահատականի: Բացի այն, որ այդտեղ հեղինակության ռիսկ կա ֆեդերացիայի համար, կարող են լինել նաեւ մեծ ֆինանսկական ծախսեր, իսկ մենք այժմ չենք կարող թույլ տալ այդպիսի ճոխություն»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, որ Հայաստան - Մակեդոնիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երեւանում նվազագույն հաշվով պարտվել էր Ջիբրալթարի հավաքականին, որն իր պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում:

Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականիների միջեւ առաջին շրջանի խաղում մակեդոնացիները տնային հաղթանակ են տարել 2:0 հաշվով եւ 9 միավորով գլխավորում են D դիվիզիոնի չորրորդ խումբը: Հայաստանի, Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի հավաքականներն ունեն 3-ական միավոր:

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով